Home / Բանակ / Վարդենիսի հրդեհի մասին վկայությունները հակասական են

Վարդենիսի հրդեհի մասին վկայությունները հակասական են

15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով այսօր ձերբակալվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալ Գ.Ա-ն։ Նա մեղադրվում է «զինվորական պաշտոնեական անփութության» մեջ, որն «անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» մեջ (ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Տեղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեից։ Ավելի ուշ՝ կառավարության նիստում, գլխավոր դատախազը հայտարարել է, թե առաջիկայում քրեական վարույթ կհարուցվի նաև այլ անձանց նկատմամբ։ Թե ում մասին է խոսքը՝ Աննա Վարդապետյանը չի մանրամասնել «նրանց փախուստը բացառելու համար»։

Կացարանը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը, գտնվում է Գեղարքունիքի Ազատ գյուղում։ Երկսենյականի գյուղական տան մեջ՝ առանց կենցաղային տարրական պայմանների և անվտանգության որևէ միջոցի, վերջին ամիսներին 20-ից ավել զինծառայող էր ապրում․ 2020-ի պատերազմից հետո այս տնակը որպես զորանոց է։ ՊՆ-ից արդարանում են, թե դա «ժամանակավոր» լուծում էր։

Հրդեհի պաշտոնական վարկածը հետևյալն է․ հունվարի 19-ի կեսգիշերն անց զորամասի ինժեներական ծառայության սպան (կապիտանը) բենզինով փորձել է վառել տան նախասրահում՝ մուտքի մոտ գտնվող վառարանը։ Զինվորներն այդ պահին քնած են եղել։ Որպես կպչան կապիտանը ավտոբենզին է օգտագործել։ Կայծից հրդեհ է բռնկվել, կապիտանը լուրջ այրվածնքեր է ստացել, մեխանիկորեն մի կողմ է շպրտել 5 լիտրանոց բենզինի տարան, որն ընկել է կացարանի մեջ։

Կապիտանը, ըստ այս վարկածի, մի կերպ կարողացել է դուրս գալ տնակից։ Հրդեհը էպիկենտրոնը եղել է մուտքի մոտ, տնակի պատուհաններին ճաղավանդակներ են եղել։ Զինվորներից երկուսին [ճաղավանդակները ծռելով] հանել են դրսում գտնվող ծառայակիցները։ Ժամկետայիններից մեկը փորձել է դրսից փլուզել կացարանի որմը, «Ուրալով» երկու անգամ հարվածել է պատին, բայց ուշ է եղել։ 15 զինծառայող մնացել է կրակի մեջ։

Իրավապահները հավաստիացնում են, որ հարցաքննել են շուրջ 2 տասնյակ զինվորականների, այդ թվում՝ հրդեհը վերապրած 2 շարքային զինծառայողների, որոնք Այրվածքաբանական հիվանդանոցում են․ վերջիններս տուժողի կարգավիճակ ունեն։

Կապիտանը, որն, ըստ նախնական վարկածի, վառարանը թեժացնելու համար արգելված բենզին է օգտագործել, առ այժմ չի հարցաքննվել։ Նա վերակենդանացման բաժանմունքում է, դատաիրավական կարգավիճակ դեռևս չունի։

Պաշտոնյաներ․ «Բենզինի վարկածը հիմնավորվում է»

Հրդեհից ժամեր անց՝ կառավարության անցյալ շաբաթվա նիստում, վարչապետը, պաշտպանության նախարարն ու քննչական կողմիտեի պետը հայտարարեցին, թե հրդեհը բենզինից է բռնկվել։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այսօր հաստատել է՝ այս վարկածը ամենակենսունակն է։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշի Քյարամյանն էլ հավելել է՝ բոլոր հարցաքննվածները, այդ թվում տուժողները, ուղիղ վկայում են, որ ի սկզբանե առաջ քաշված՝ բենզինով վառարանը վառելու վարկածը, հիմնավորվում է․ «Ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները էդքան էլ ազնիվ չեն»։

պաշտոնյան՝ դիերը մահճակալների վրա էին, վկա՝  ես քնած մարդ այնտեղ չեմ տեսել

Դասակի հրամանատարը, որը դեպքի ժամանակ տարածքում չի եղել, լրագրողների հետ զրույցում առաջին իսկ օրը հերքել էր պաշտոնական նախնական վարկածը, թե զորամասի տարածքում բենզին է եղել: Բենզինի առկայությունը, սակայն, հաստատել է հրդեհը վերապրած զինվորներից մեկը։

«Մեր համար փետ էին բերել, կտրել էինք, թեփը մեշոկներով հավաքել էինք, [սովորաբար] սալյարկայով էինք թեժացնում։ Ինչ-որ վտանգավոր բան էտտեղ չկար։ Ավտոբենզին տարածքում կար, այո։ Տրակտորների համար էր», – Factor TV-ի հետ զրույցում պատմել է Այրվացքաբանական կենտրոնում բուժվող Գարուշը։

Ծառայության վերջին կես տարին նա անցկացրել է Ազատ գյուղի այս տնակում։ Ասում է՝ երբ հրդեհը բռնկվել է, ինքը քնած է եղել։

«Քնած էինք մենք, ես ճչոցներից եմ վեր թռել: Վեր կացա տեղիցս, կրակն արդեն ներս էր մտնում սենյակ։ Վեր եմ կացել, առաջին բանը, որ արել եմ, դոշակը գցել եմ գլխիս, որ երեսս չվառվի։ Փորձեցի մեր ննջարանի սենյակի դուռը ջարդել, բայց չջարդվեց։

Որ արթնացա, խառը իրավիճակ էր։ Հիշում եմ, որ մեկը փորձում էր նույն դուռը ջարդել, որը ես չկարողացա։ Վազվզող մարդիկ կային։ Հրդեհը արդեն դռից էս կողմ էր հասել։ Ու շատ բարձր էր կրակը վառվում, անհնարին էր։ Էտ պահին չեմ նկատել մարդ, որ պարկած լիներ։ Չեմ հիշում, որ տեսել եմ մարդ, որ պարկած է եղել։ Խառը վիճակ էր, մարդիկ կային վազվզող, դաժը ինձ բրթող մարդիկ կային։ Ամենքը իրենց ճամփեն էին ման գալիս՝ ոնց դուրս գան։ Բայց ասում են, իբր ինձանից ու մի հոգուց բացի, որ դուրս ա եկել, սաղ, ասում են, պարկած են եղել իրանց տեղերի վրա։

Ես իմ աչքի տեսածին եմ հավատում ու նրան, ինչ որ հիշում եմ», – պատմել է Գարուշը։

Դեռևս հունվարի 20-ին Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, թե 14 զինծառայողների դիերը հայտնաբերվել են մահճակալներին՝ անշարժացած, ևս մեկինը՝ մուտքի մոտ։

«Շինությունում եղել է 21 զինծառայող։ Մինչ փրկարարների հասնելը վեց հոգին դուրս են եկել սեփական ուժերով։ Իսկ զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, ենթադրում եմ, որ ծխահարված են եղել», – ասել էր Սարոյանը։

Պաշտոնյանի այս խոսքերը հակասում են ո՛չ միայն փրկված զինվորի պատմածներին, այլև քննչականի վարկածին, ըստ որի՝ կացարանում ոչ թե 21, այլ 17 զինվոր և մեկ սպա է եղել․ կապիտանին հանել է դրսում գտնվող զինվորներից մեկը, ևս երկու զինծառայող պատուհանից է դուրս եկել։

Գյուղական կացարանը, որտեղ վերջին ամիսներին ապրում էին զինվորները, երկու սենյակ և մեկ միջանցք ուներ։ Սենյակներից մեկը որպես զորանոց, մյուսը՝ որպես զինանոց էր ծառայում։ Գարուշն ասում է՝ կրակն արագ տարածվել էր դեպի զորանոց, զինանոցի մուտքը այրվում էր։ Ինքը հազիվ փրկվել է՝ դուրս գալով պատուհանի ճաղերի արանքից․ «Մի կերպ հասել եմ երկրորդ պատուհանի տակ։ Լսել եմ, որ պատուհանը ջարդեցին․․․ Հելել եմ, որ օդ շնչեմ, մինչև ուսերս ռեշոկտկի արանքից տենց դուրս եմ եկել, մնացածը քաշել, հանել են տղերքը մեր․․․»։

Ծնողները այլ բան գիտեն

Պաշտոնական բացատրությունները չեն գոհացնում նաև զոհվածների ծնողներին։

Մարդիկ իրար կողքի են դնում վերջին օրերին ստացած տեղեկությունները, լրատվամիջոցների հրապարակումները, աչքով տեսածն ու պնդում՝ 15 սակրավորներ չէին կարող այնքան խորը քնել, որ հրդեհը, ձայները, ցավը չարթնացնեին նրանց, չկարողանային դուրս պրծնել կրակից, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Զոհված Արամ Մանուկյանի պապը կասկածում է, որ մինչև հրդեհն արդեն ինչ-որ բան կատարվել էր զինվորների հետ։ «Թե թուրքն ա արել, թե հայն ա արել՝ արդեն ինձ անհայտ է։ Բայց էրեխեքը ոնց որ քնել են անշարժ, անշարժ էլ վառվել են», – նույն աղբյուրի հետ զրույցում ասում է տղամարդը։

Ինչպե՞ս կարողացան զինվորներից երկուսը ճաղավանդակների արանքից դուրս գալ, եթե նկարներում լայն բացված ճաղեր չեն երևում, ինչո՞ւ մյուսներն արթնանալ չկարողացան, ինչո՞ւ էին մյուս զինակիցներից երկուսը գիշերվա կեսին ջրի գնացել, ինչո՞ւ էր կապիտանը իր վրա վերցրել կրակը թեժացնելու գործը, այլ ոչ օրվա հերթապահը․ ծնողները պատասխաններ չունեն։

Զոհված Արտակ Ասրյանի հայրն ասում է՝ նախկինում տղան չէր դժգոհել ծառայությունից, բայց վերջին օրերին անհանգիստ էր։ Հրամանատարի հետ ունեցած կոնֆլիկտից է խոսել, անգամ խնդրել է, թե ուզում է այլ տեղ շարունակել ծառայությունը։ Ասրյանը համոզված է՝ զինվորները հրդեհի պատճառ դարձած կապիտան Եղիշե Հակոբյանի հետ խնդիրներ են ունեցել. «Աֆիցերի հետ կռվել էին, աֆիցերին ծեծել էին զինվորները։ Էրկու օր առաջ ուժեղ կռիվ ա տեղի ունեցել։ Իրիկունը որ զանգեց ինձ, վերջին խոսքն էր, ասավ՝ պապ, ստեղից ինչքան շուտ գնամ, էնքան լավ։ Ասեց՝ բոլորի համար էլ վատ ա»։