«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ազգային ժողովում քվեարկությանը մասնակցում էին միայն իշխանական պատգամավորները, բոլորը կողմ քվեարկեցին։
Նախաձեռնությունը գլխավոր դատախազինն էր, արդեն երկրորդ օրն է՝ Աննա Վարդապետյանը խորհրդարանին էր ներկայացնում պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու երեք միջնորդությունները։
Անպիտան հրթիռներ
Միջնորդություններից մեկը վերաբերում էր անպիտան հրթիռների գործին, որով կալանավորված է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանից բացի՝ գործով անցնում են նաև զենքի մատակարարմամբ զբաղվող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո»), Զինված ուժերի ավիացիայի պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։
Դատախազույթյունը պնդում է, որ նրանք մասնակցել են ավելի քան 4․5 միլիոն դոլար արժողությամբ անպիտան հրթիռների գնման/մատակարարման գործարքներին, չարաշահել են պաշտոնեական դիրքը, գումարներ են հափշտակել և այլն։ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ հրթիռները հնարավոր չի եղել կիրառել։
տես Նոր պատերազմ՝ հին հրթիռներ․ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել է
Այս գործի շրջանակներում կոնկրետ ինչ արարքներ են մեղսագրվում Սեյրան Օհանյանին՝ հայտնի չէ։ Միջնորդությունը քննարկվում էր փակ դռների հետևում՝ հիմնավորմամբ, որ այն ռազմական գաղտնիք է պարունակում։
Միլիարդների գույք է վատնվել և հափշտակվել
Ըստ գլխավոր դատախազի, մեկ այլ գործի քննությամբ պարզվել է, որ պաշտպանության նախկին նախարար Օհանյանի աջակցությամբ և մասնակցությամբ նախարարությանը պատկանող շինություններ են օտարվել՝ ցածր գներով ու ապօրինի։
Խոսքը Երևանում՝ էրեբունիում ու Շենգավիթում գտնվող շինությունների մասին է, որոնք հանցավոր սխեմայով սեփանակացվել են գործարար Վահե Յակուբյանի կողմից։
Պետությանը պատճառել ավելի քան 5 միլիարդ դրամի վնաս. «Վահե Յակուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պետությանը 5 միլիարդ 884 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 միլիարդ 181 միլիոն 300 հազար դրամով պակաս գումար։ Այսինքն վճարել են ընդամենը շուկայական արժեքի 12 տոկոսը»։
Այս գործով հարցաքննել են նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Ըստ դատախազության, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲԸ-ի հետ կնքվել է «պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր», զրկել պետությունը պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանք վերականգնելու հնարավորությունից։
Միևնույն ժամանակ, «հանցավոր խմբին» հնարավորություն է ընձեռվել գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը»։
«Բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝ նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊԸ-ին 2 մլրդ 174 մլն 598 հազար դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ», – մանրամասնել է դատախազությունը։
Այս համաձայնության հիման վրա, ըստ իրավապահների, 2015-ի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊԸ-ի տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲԸ-ի գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:
Այս գույքի օտարումը հետագայում օրինականացվել է։
Մանրամասները՝ այստեղ
Քրեական գործը հարուցվել է 2019-ին։ 2022 թվականին մեղադրանք է առաջադրվել Վահե-Վասկեն Յաքուբյանին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Դատախազությունը պնդում է, որ բավարար փաստեր ունի՝ ապացուցելու համար, որ նախկին նախարար Սեյրան Օհանյանը «խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն»:
զորամասերի օտարում
Ըստ դատախազության, Սեյրան Օհանյանը կադաստրային արժեքից (որպես կանոն, այն շատ ավելի ցածր է, քան շուկայական արժեքը) մի քանի անգամ ցածր գնով օտարել է ՊՆ գործող երկու հատուկ նշանակության հողամասերը՝ զորանոցներով և կից շինություններով հանդերձ։
Վաճառված հողատարածքներն Արարատի մարզի Արմաշ համայնքում են։
Դրանցից մեկը ընդամենը 4 միլիոն դրամով օտարվել է Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ-ի նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին։ Վերջինս այն գրավադրել է առևտրային բանկում՝ արդեն 18 միլիոնով։
Երկորդ հողատարածքը վաճառվել է Պաշտպանության նախարարության պաշտոնյայի հետ փոխկապակցված անձին՝ Նորայր Կարապետյանին։ Մոտ 8 միլիոն դրամ կադաստրային արժողությամբ գույքը օտարվել է ընդամենը 2 միլիոնով։
«Փորձեր եղել են հիմնավորելու, որ ծախսատար էր, մեզ այդքան մեծ տարածք անհրաժեշտ չէր, մենք այդքան նաև միավորներ չունեինք զինվորական՝ տեղավորելու համար այդ զորամասերում, բայց դրանք որևէ փաստաթղթային հիմնավորումներ նախաքննությունը չի հայտնաբերել, և նախաքննությանը չեն էլ ներկայացվել», – նշել է Վարդապետյանը:
«Հայաստան» խմբակցությունը նիստին չի մասնակցում։ Մինչ այդ Սեյրան Օհանյանը հանդես էր եկել ուղերձով։
«Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա ներկայացրին, որ Վարդենիսում այրված մեր տղաների ձայները խլացնեն: Թող քվեարկեն ու զրկեն, մենք քննությունից չենք խուսափում», – հայտարարել էր նախկին նախարար ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով՝ վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճելու առաջարկներ են ստացել իրավապահներից, բայց չեն համաձայնել։ Եթե համաձայնեին, գլխավոր դատախազն այժմ խորհրդարանում չէր լինի. «Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա, մենք հանցանք չենք գործել», – հավելել էր Օհանյանը:
Վաղեմության ժամկետի հետ կապված հարցը պարզաբանել է նաև դատախազը՝ Օհանյանը վաղեմության ժամկետի հիմքով պատժի չի ենթարկվի, բայց կարող է լինել նյութական վնասի փոխհատուցման պահանջ․ «Դատախազությունը գոնե ակնկալում է, որ այդ գույքը պետք է վերադարձվի ազգային հարստություն հաշտության բալանս»:
տես նաև «Անտուն» Սեյրան Օհանյանի դղյակը հասավ դատարան