Լաչինի միջանցքում ապրիլի 4-ին շրջափակման մեջ հայտնված 27 քաղաքացիների առջև ադրբեջանցիները պահանջ են դրել՝ եթե ուզում են Ստեփանակերտ հասնել, պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, հայտարարել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Ո՞վ է նման պահանջ դրել՝ «բնապահպան» ներկայացող կառավարամետ ակտիվիստնե՞րը, թե՞ ադրբեջանցի պաշտոնյաները, Բեգլարյանը չի պարզաբանել
«Պահանջներից մեկը դա էր, որ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը։ Չեմ կարող իրականում ասել՝ ինչպես, ինչ ձևով, որպեսզի թույլ տան անցնել։ Սրա մասին ուղղակի տեղում եղած քաղաքացիներն են վկայել, ասել, որ նմանատիպ զրույց եղել է», – նշել է Բեգլարյանը։
Հարցին՝ այլ խողովակներով նման պահանջ հնչե՞լ է, Պետնախարարի խորհրդականը պատասխանել է․ «Եթե նկատի ունեք ոչ հրապարակային՝ պաշտոնական խողովակներով, ապա՝ ոչ։ Բայց անուղղակի քանի անգամ են իրենք ասել՝ այսպես կոչված ինտեգրացիա, որը փաստացի հպատակեցում է, մենք իրենց քաղաքացիներն ենք և այլն։ Դա նշանակում է, որ այդպիսի պահանջի հարց էլ չկա, իրենք իրենց տեսանկյունից դիտարկում են՝ իբր թե մենք իրենց քաղաքացիներն ենք։ Երևի ակնկալում են, որ մենք ուղղակի բանավոր կամ ինչ-որ մի ձևով նաև դա պետք է ընդունենք, ինչը իրենք, բնականաբար, չեն տեսնելու»։
Ապրիլի 4-ի երեկոյան ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ վերադարձող 27 քաղաքացիների ճանապարհը փակել էին ադրբեջանցի «էկոակտիվիստները», որոնք արդեն ամիսներ շարունակ վրանավորված են Լաչինի միջանցքի Ստեփանակերտ-Շուշի հատվածում։ Խաղաղապահների և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցությունները մոտ 5 ժամ են տևել։ Սպասման ընթացքում վատացել է 4 կանանց ինքնազգացողությունը, նրանցից 3-ն ուշաթափվել է։
Ադրբեջանցիները, ըստ մեքենաներում սպասող քաղաքացիների վկայությունների, արգելել են ռուս խաղաղապահներին նրանց Ստեփանակերտ տեղափոխել։ Նախ պահանջել են հիվանդներին տանել Շուշի, հետո համաձայնել են Ստեփանակերտ տեղափոխել, բայց միայն իրենց շտապօգնության մեքենայով։
Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխված կանանցից 3-ը նախօրեին դուրս են գրվել, մեկը դեռ բժիշկների հսկողության տակ է․ «Բայց, ընդհանուր առմամբ, կայուն է իրավիճակը, որևէ վտանգ չէր սպառնում»։
Արցախի օմբուդսմենի տվյալներով՝ այս պահին միայն Գորիսում 120 արցախցի սպասում է Ստեփանակերտ վերադառնալու հերթական հնարավորությանը։
Դուրս գալ թողնում են, մտնել՝ չէ
Այսուհետ Լեռնային Ղարաբաղից Հայաստան հնարավոր կլինի մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ռուս խաղաղապահների միջոցով, միջադեպից հետո հայտարարել է Ղարաբաղի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ըստ նրա, մեկնելու համար անհրաժեշտ է նախապես դիմել ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնին և թույլտվություն ստանալ։ Բացառություն կարվի միայն առողջական խնդիրներ և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց համար, որոնց տեղափոխությունը, ինչպես և նախկինում, կկազմակերպվի Կարմիր խաչի միջոցով՝ Ղարաբաղի առողջապահության նախարարության ցուցմամբ:
Պետնախարարը տեղեկացրել է, որ վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել էին Ղարաբաղից Հայաստան տեղափոխել քաղաքացիների, որոնք տարբեր ընտանեկան խնդիրների (Հայաստանում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքներ, Հայաստանում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն) բերումով ստիպված էին մեկնել Արցախից։
Ապրիլի 4-ի միջադեպից հետո նա շեշտել էր՝ «Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը»։
Արտակ Բեգլարյանն էլ զգուշացրել է՝ ընտանիքների միավորման գործընթացն առաջիկայում խիստ բարդ է լինելու։
«Հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումներն, այդ թվում՝ ադրբեջանական կողմից դիրքորոշումների կոշտացումը և՛ մեր հանդեպ, և՛ ռուս խաղաղապահների, և՛ Կարմիր խաչի հանդեպ, հավանական է, որ շատ ավելի դժվար կլինի ընտանիքների վերամիավորման գործընթացը, քան որոշ ժամանակահատված եղել է, չհաշված նաև ռազմական բնույթի սադրանքների ռիսկը և այլ։
Մյուս կողմից՝ եթե միջազգային հանրության դերակատարները, այդ թվում՝ բնականաբար, ռուսական կողմն ու առաջնահերթորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոշակի գործնական կոշտ միջոցների դիմեն, համոզված եմ, որ բավականին շատ հարցեր կարող են լուծվել, այդ թվում՝ շրջափակումը կարող է վերանալ։ Եթե Ադրբեջանը բարձր գին չվճարի, կամ բարձր գին վճարելու իրական ռիսկի առջև չկանգնի, համոզված եմ, որ շատ ավելի բարդ իրավիճակ է մեզ սպասվում, քան ներկայումս», – եզրափակել է պաշտոնյան։