Home / Բանակ / ՄԱԿ ԱԽ նիստին ընդառաջ կորած հայ պահեստազորայինը դարձավ «դիվերսանտ»

ՄԱԿ ԱԽ նիստին ընդառաջ կորած հայ պահեստազորայինը դարձավ «դիվերսանտ»

Հայաստանցի պահեստազորային Գ. Ո.-ն ձերբակալվել է Ադրբեջանի զինծառայողների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ պնդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը մտեսանյութ է հրապարակել, որում, ըստ ՀՀ ՊՆ խոսնակի, երևում է՝ «Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ»:

«Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»», – գրել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

 

Նախարարությունը հավաստիացրել է՝ քննում են «Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները»:

հերքումից հետո ինչ-որ «գնդացիր է հայտնաբերվել»

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե վարժական հավաքի մասնակից, պահեստազորային Գ․Ո․-ն «նախնական տվյալներով՝ ինքնակամ թողել է մարտական դիրքը», նրան «հայտնաբերելու նպատակով որոնողական աշխատանքներ են ընթանում»։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե Քելբաջարի շրջանում վիրավորվել և ձերբակալվել է «ժամը 11:15-ին ադրբեջանական տարածք ներթափանցելու փորձ կատարած հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի» անդամներից մեկը, մյուսները, իբր, ստիպված են եղել նահանջել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այս հաղորդագրությունն իսկույն հերքել է՝ հիշեցնելով, որ նախորդիվ տեղեկացրել էր վարժական հավաքների մասնակից պահեստազորայինի անհետացման մասին։

Սրանից հետո Ադրբեջանի ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն է տարածել, որում ձերբակալված հայ պահեստազորայինը կրկին ներկայացվել է որպես «դիվերսանտ»։ Բաքուն հրապարակել է նրա անունը՝ «ենթադրաբար, Գագիկ Աշոտի Ոսկանյան, ծնված 1983 թվականին» և լուսանկարը։ Նշվել է, թե ձերբակալված հայ զինծառայողի մոտ «ՌՊԿ» գնդացիր և այլ ռազմամթերք է հայտնաբերվել։ «Նախնական ցուցմունքներում Գ․ Ոսկանյանը խոստովանել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին», – հավելել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Բաքուն պատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ նիստին

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդի՝ այսօր նախատեսված հրատապ նիստից առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել նոր մեղադրանքներով և կոչ արել Հայաստանին զերծ մնալ «իրավիճակը սրող սադրիչ քայլերից և հայտարարություններից», չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և միջազգային հանրությանը «շփոթեցնելու փորձերը» շարունակելու փոխարեն կատարել ստանձնած պարտավորությունները։

Պաշտոնական Բաքուն այս համատեքստում հիշել է նաև հայ պահեստազորայինի այսօրվա ձերբակալության մասին և նշել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստանի զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Ադրբեջանի տարածք»։

թարմացում (19:15) —  Քելբաջարի շրջանում ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պետական սահմանի խախտման հոդվածով։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց էլ, չնայած հայկական կողմի ներկայացրած հակափաստարկներին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է՝ իրենց հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել «մի խումբ անձանց, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի անդամների կողմից դիտավորյալ գործողությունների համակարգման» վերաբերյալ։ Ձերբակալված հայ պահեստազորայինին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է որպես «դիվերսիոն խմբի» անդամ։ Այդ «Խմբի» դեմ քրեական գործ է հարուցվել մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ահաբեկչության։

ՄԱԿ-ի ԱԽ դիմելու՝ հայկական կողմի որոշումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Բաքվում։ Երկու օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն ծավալուն մի հայտարարություն էր տարածել, որով Լեռնային Ղարաբաղի 8-ամսյա բլոկադայի մեղքը փոձում էր դնել հայկական կողմի վրա։ Բաքվից հայտարարում էին, թե ՀՀ ԶՈՒ-ն տեխնիկա և զորք է կուտակում սահմանին։ Երևանից և ԵՄ դիտորդական առաքելությունից այս մեղադրանքները հերքել են։

Դիվանագիտական էսկալացիայի ֆոնին ինտենսիվացել են նաև հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրությունները։ Երկու օր առաջ սահմանին հայ զինծառայող է վիրավորվել։ Երեկ կրակի տակ է հայտնվել նաև Հայաստանում Եվրամիության դիտորական առաքելության մեքենան։

Ադրբեջանը հաստատում է ռուսական արտահոսքն և սպառնում․ հայերը հերքում են