ԱՄՆ-ը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքի հարվածից Հորդանանում՝ Սիրիայի սահմանին հարակից տարածքում, ամերիկացի երեք զինծառայող է սպանվել, մինչև 34-ը վիրավորվել են։ Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե հարձակման հեղինակները զինծված խմբավորումներն են, որոնց աջակցում է Իրանը։ Իրանն այս մեղադրանքները անհիմն է որակել։
«Չնայած մենք դեռ փաստեր ենք հավաքում այս հարձակման մասին, մեզ արդեն հայտնի է, որ այն իրականացրել են արմատական զինված խմբավորումները, որոնք գործում են Սիրիայի և Իրաքի տարածքում և հենվում են Իրանի վրա, – ասել է Ջո Բայդենը․ – Կարող եք վստահ լինել, որ մենք պատասխանատվության ենք կանչել բոլոր մեղավորներին՝ այն պահին և այն եղանակով, որը համարենք անհրաժեշտ»։
Սպանված և վիրավոր ամերիկացի զինծառայողների անունները չեն հրապարակվել։ Տեղի ունեցածի մասին, ըստ հաղորդումների, այս պահին տեղեկացնում են տուժածների ընտանիքներին։
Իր առնչության մասին հայտարարությունները Իրանը անհիմն է համարում՝ երկուշաբթի օրը հայտարարել է այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանին։ Նա հավելել է՝ ԱՄՆ զորհերքի հարվածները Սիրիայի և Իրաքի տարածքին և Գազայի շրջափակված հատվածում ընթացող պատերազմը խորացնում են անկայունությունը Մերձավոր Արևելքում։
Reuters-ի աղբյուրները ընդգծել են՝ ԱԹՍ-ը վաղ առավոտյան հարվածել է զորանոցին հարակից տարածքին։ ԱՄՆ պաշտպանության նախարարն ու մյուս բարձրաստիճան զինվորականները հարձակման մասին նախագահ Բայդենին զեկուցել են կիրակի առավոտյան։
Իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկնարկից՝ հոկտեմբերի 7-ից ի վեր, աա առաջին դեպքն, երբ տարածաշրջանում ամերիկացի զինծառայողներ են զոհվում։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները հաղորդել էին երկու ծովային հետևակայինի մահվան մասին՝ նրանք անհետացել էին Սոմալիի ափին օպերացիա իրականացնելիս։ Զոհվածները, ըստ Վաշինգտոնի, մասնակցում էին գործողությանը, որը նպատակ ուներ հայտնաբերել Իրանից Եմեն տեղափոխվող ապօրինի զինամթերքը․ օպերացիայի ընթացքում, ըստ նույն աղբյուրի, առգրավվել էին բալիստիկ և թևավոր հրթիռների կոմպոնենտներ։ Իրանը Միացյալ Նահանգներից հնչող մեղադրանքները հետևողականորեն մերժում է՝ մեղադրելով Վաշինգտոնին Իսրայելի ապօրինի գործողություններին սատարելու, տարածաշրջանային կայունությունը խաթարելու մեջ։
Օրեր առաջ իրանացի բարձրաստիճան զինվորներ էին զոհվել, այժմ զոհեր ունի նաև ամերիկյան բանակը։ Թե ինչ է լինելու հետո՝ պարզ չէ․ հակամարտության ընդլայնման վտանգը գնալով աճում է։
Հակասական տվյալներ
CBS հեռուստաընկերությունը գրում է, որ թիրախավորվել է Ռուքբանի «Tower 22» ավիաբազան՝ ամայի տարածք Հորդանանի հյուսիս-արևելքում, Սիրիայի հետ սահմանին։ Բազայի տարածքում մոտ 70 շինություն կա։ BBC թղթակից Պոլ Ադամսի փոխանցմամբ, Tower 22 գտնվում է Սիրիայի հարավ-արևելքում՝ Ալ-Տանֆում տեղակայված մեծ և հզոր ամերիկյան բազայի հարևանությամբ։
Հորդանանի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել է, թե հարձակման է ենթարկվել ոչ թե Tower 22-ը, այլ Ալ-Թանֆը, որը գտնվում է Սիրիայի, այլ ոչ թե Հորդանանի տարածքում։
Ամերիկացիք Ալ-Թանֆի գաղտնի բազայում են հայտնվել 2016 թվականին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օպերացիայի շրջանակներում։ BBC-ի տվյալներով, այնտեղ 100-ից 200 ամերիկացի զինծառայող կա։ Ըստ պաշտոնական հիմնավորման, նրանք զբաղվում են «հակաահաբեկչական գործունեությամբ» և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարով։ Ամերիկացիները պնդում են, թե «Tower 22-ը» օժանդակում է հորդանանյան ուժերին, բայց, ամենայն հավանականությամբ, այն սերտորեն համագործակցում է սահմանի մյուս կողմում՝ Սիրիայում գտնվող ավելի մեծ ռազմաբազայի հետ։ Ալ-Թանֆը ԱԹՍ-ով հարձակման էր ենթարկվել հոկտեմբերին, այն ժամանակ հաղորդվել էր մեկ տուժածի մասին։
Երեկվա հարձակման դրդապատճառները հայտնի չեն։ BBC-ին ենթադրում է, որ այն կարող է կապված լինել Սիրիայի իրանամետ խմբավորումների հետ, կարող է պայմանավորված լինել Գազայում ընթացող արյունալի պատերազմով կամ 10 օր առաջ տեղի ունեցած միջադեպով, երբ հորդանանյան օդուժը «թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում» թիրախավորել էր Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող օբյեկտները։
Լարվածությունը տարածաշրջանում աճում է
Հորդանանը Միացյալ Նահանգների տարածաշրջանային դաշնակիցներից մեկն է, այնտեղ մի քանի ամերիկյան ռազմաբազա կա։ Փորձագետների գնահատմամբ, Հորդանանում մոտ 3 հազար ամերիկացի զինծառայող է տեղակայված։
Միացյալ Նահանգները վաղուց ներկա են Մերձավոր Արևելքում՝ որոշ տեղերում պրոքսիների միջոցով, որոշ տեղերում ուղղակիորեն։ Տարածաշրջանում ակտիվ են նաև իրանամետ, Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները։
Իրանի լարված հարաբերությունները Միացյալ Նահանգների և վերջինիս հովանավորությունը վայելող Իսրայելի հետ երկարամյա պատմություն ունեն։ Իսրայելա-պաղեստինյան պատերազմի բռնկումից և հատկապես Գազայի շրջափակված հատվածում իսրայելական ցամաքային օպերացիայի մեկնարկից հետո այդ հարաբերությունն ավելի են էսկալացվել։
Հունվարի 12-ից սկսած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը ռմբակոծել են եմենյան հուսիթների մի շարք ռազմավարական օբյեկտները։ Իրանը և Ռուսաստանը քննադատել են հարձակումը, հուսիթները խոստացել են պատասխանել։
Անցած շաբաթների ընթացքում Իրանը մի քանի անգամ թիրախավորել է Սիրիայի, Իրաքի և Պակիստանի տարածքում գտնվող այն օբյեկտները, որոնք, իրանական կողմի հավաստիացմամբ, կապված են Իսրայելի կամ Իսլամական պետություն խմբավորման հետ։ Սիրիայի և Իրաքի տարածքում առանձին օբյեկտներ են թիրախավորել նաև ամերիկյան ուժերը։
Թեհրանը մեղադրել է Իսրայելին և նրա մերձավոր դաշնակիցներին՝ ԱՄՆ գլխավորությամբ, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրանական ռազմական խորհրդատուների կենտրոնը հրթիռակոծելու մեջ․ հունվարի 20-ի այդ հարձակման հետևանքով Իրանի անվտանգության ուժերի 4 բարձրաստիճան ծառայող էր զոհվել։ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, չնայած ներքին ճնշումներին, ձեռնպահ էր մնացել հարձակմանն ուղիղ պատասխանելուց։ Հունվարի կեսերին Իրանը թիրախավորել էր իրաքյան Քուրդիստանում գտնվող այն օբյեկտները, որոնք, ըստ Թեհրանի, պատկանում էին Իսրայելի հատուկ ծառայություններին։
հուսիթները և Կարմիր ծովի բլոկադան
Այս ամենին զուգահեռ՝ իրավիճակը լարված է նաև Կարմիր ծովում։
Հուսիթները, որոնք վերահսկում են Եմենի զգալի մասը և վայելում են Իրանի աջակցությունը, նոյեմբերից սկսած հրթիռակոծում են Կարմիր ծովով և Ադենի նեղուցով անցնող առևտրային նավերը։ Հուսիթները աջակցում են պաղեստինյան ուժերին, Կարմիր ծովում ընթացքող գործողությունները, ըստ նրանց, նպատակ ունեն զսպել և կասցնել Իրայելի ավերիչ պատերազմը պաղեստինյան Գազայում։
Կարմիր Ծովը և Ադենի նեղուցը Ասիան Եվրոպային կապող ամենակարևոր առևտրային երթուղին է, որի բնականոն աշխատանքը խաթարված է վերջին ամիսների ընթացքում։
Հունվարի 12-ից սկսած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդուժն ու նավատորմը ռմբակոծել են եմենյան հուսիթների մի շարք ռազմավարական օբյեկտները։ Հուսիթները, ամեն դեպքում, շարունակում են վերահսկել նեղուցը։ Առևտրաշրջանառությունը այնտեղ պարբերաբար կասեցվում է։
Դեկտեմբերի վերջին համաշխարային խոշորագույն ընկերությունները, այդ թվում՝ MSC, Maersk, CMA CGM, հայտարարել էին, որ ստեղծված պայմաններում չեն կարող օգտվել այս երթուղուց, Սուեզի ջրանցքի աշխատանքը փաստացի վտանգված է։ Նավերը, որոնք միլիարդների ապրանքնաշրջանառություն են ապահովում, շրջվել էին և շարժվել այլընտրանքային երթուղով, որը շրջանցում է ողջ Աֆրիկան։
Ստեղծված իրավիճակի պատճառով թռել են և ապահովագրության և տրանզիտի գները։
Կարմիր ծովը շրջանցող ճանապարհն անցում է Հարավային Աֆրիկայում գտնվող Բարեհուսո հրվանդանով, որը մոտ 3․5 հազար ծովային մղոնով ավելի երկար է։ Այսինքն՝ հուսիթների կողմից հսկվող անցումը շրջանցելու դեպքում նավերի ճանապարհը մոտ 10 օր երկարում է։ Խոսքը հսկայական գնաճի մասին է։
Սուեզի ջրանցքով տարեկան 17 հազար նավ է անցնում՝ մոտ 1 տրիլիոն դոլարի ապրանքներ։ Այսինքն, Կարմիր ծովով անցնում է համաշխարհային առևտրի մոտ 12 տոկոսը։