Վանաձորցի Սուսաննա Ղազարյանն ունի տնային կենդանիներ և խնամում է թափառող շներին։ Նրա հարևաններին դա դուր չի գալիս։ Շենքի բնակիչների մի մասը համախմբվել է և դիմել ոստիկանություն՝ Ղազարյանին պատժելու և անտուն կենդանիների ոտքը իրենց բակից կտրելու համար։ Ոստիկանների կազմած արձանագրության մեջ նշվում է, իբր շներից մեկը հարձակվել է երեխայի վրա։ Փաստեր չեն ներկայացվել, հարձակման զոհին ոչ ոք չգիտի։
Ոստիկանները գործը փոխանցել են վարչական դատարան։ Վանաձորի քաղաքապետարանում սեպտեմբերի 17-ին հատուկ նիստ էր գումարվել, որի ընթացքում փոխքաղաքապետը, իրավական և կոմունալ բաժինների ներկայացուցիչները իրավական ինչ-որ ակտեր էին ընթերցում և նախատում շներին կերակրողներին։ Սուսաննային աջակցելու համար Վանաձոր էին եկել Երևանի, Գյումրիի և այլ քաղաքների կենդանասերները։ Սա առաջին անգամը չէ, երբ կենդանիների նկատմամբ ատելությունը փաթեթավորվում է երեխաների պաշտպանությամբ՝ պատմում էին ակտիվիստները։ Քաղաքապետարանից և ոստիկանությունից նրանք փաստեր էին պահանջում՝ ո՞ւմ են վնասել Սուսաննայի խնամած շները։
Կենդանիների նկատմամբ դաժանությունը համատարած է՝ ծեծում են, թույնում, հոսանքահարում, քարկոծում։ Ծնողները սովորեցնում են երեխաներին վախենալ փողոցային շներից և վախեցնել նրանց։ Կենդանասերներին՝ մարդկանց, որոնք հոգ են տանում անտուն շների և կատուների մասին, հարևանները մարգինալիզացնում են, ծաղրում, վիրավորում։ Սա եզակի դեպք չէ։ Արդեն տևական ժամանակ է՝ Սուսաննային էլ են այդպես վերաբերվում․ «Գիշերը շունը հաչում է, պատուհանը բացում են, ասում՝ Սուսան, լավ օր չունենաս ու աշխարհի անեծքներն ու հայհոյանքներն են տալիս։ Իրենք մտածում են, որ ոչ մի շուն չպետք է ապրի իրենց կողքին»։
տե՛ս Շանը կապել է, ծեծել ու դատվել․նախադեպ