հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Համայնքներ / Հայաստանը ղարաբաղցիներին փախստականի պես չի վերաբերվում 

Հայաստանը ղարաբաղցիներին փախստականի պես չի վերաբերվում 

Կառավարությունը խախտում է փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան, երբ պահանջում է Ղարաբաղից տեղահանվածներից ստանալ Հայաստանի քաղաքացիություն բնակարանային ծրագրից օգտվելու համար։ Մեդիա կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

«Փախստականներն ունեն այն իրավունքներն ու ազատությունները, ինչ ունեն օտարերկրացիաները։ Քանի որ ՀՀ-ն գույք ձեռք բերելու և գույք ունենալու համար պարտադիր քաղաքացիության հանգամանք չի նախատեսում օտարերկրացիների դեպքում և միայն առանձնացնում է մի խումբ անձանց, խախտում է փախստականների մասին կոնվենցիան և դրսևորում է խտրական վերաբերմունք բռնի տեղահանված անձանց հանդեպ», – ասել է իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչը։

Լեռնային Ղարաբաղից տեղահանված, հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ այս ծրագիրն արդեն իսկ ձախողվել է․ բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատների համար դիմումների քանակը շատ քիչ է, նրա տվյալներով՝ ընդամենը երեսուն հավաստագիր է տրամադրվել մինչ հիմա։ Չդիմելու պատճառները թերևս տների գներն ու բյուրոկրատական քաշքշուքներն են։

Բնակարանի սերտիֆիկատ ստանալու համար դիմողից պահանջում են ներկայացնել ընտանիքի ավագ անդամների ամուսնության վկայականները, ծննդյան վկայականները, հաջորդ սերնդի ծննդյան ու մահվան վկայականները և այդպես շարունակ։

«Հատկապես ընտանիքի ավագ անդամների ծննդյան, ամուսնության կամ մահվան վկայականները Հայաստանի բազաներում չկան։ Մենք գործ ունենք կյանքի դժվարին վիճակում հայտնված, մեկ օրում հավաքված, ամբողջ կյանքը մի երկրում թողած և հաջորդ երկիր տեղափոխված անձի հետ, ով իրապես չունի նույնիսկ անձնագիր, ուր մնաց ունենա ամբողջ գերդաստանի ծննդյան վկայականները», – նշել է Չատինյանը։

Կառավարությունն առաջարկում է գոյություն չունեցող փաստաթղթերը վերականգնել դատական կարգով։ Ստացվում է, որ նախ պետք է դիմել դատարան, սպասել որոշմանը, սպասել, որ որոշումը ուժի մեջ մտնի, այնուհետև քաղաքացիություն ստանալու քաշքշուքների մեջ ընկներ, և դրանից հետո միայն դիմել բնակապահովման ծրագրին։

Այս գործողությունները, սակայն, ևս բավարար չեն տուն ունենալու համար։ Պետք է գտնել սերտիֆիկատի գնի սահմաններում տուն։ Պետրոսյանի խոսքերով, այդ գումարով Հայաստանում տուն ձեռք բերել հնարավոր չէ՝ անգամ սահմանամերձ բնակավայրերում։

«Պետք է նկատի ունենալ, որ մարդիկ արդեն եկել, հաստատվել են ինչ-որ մի վայրում, որտեղ ինչ-որ ձև իրենց կենցաղը կազմակերպել են։ Պետք չէ նրանց պարտադրել, որ հինգ միլիոնի դիմաց թողնեն Արագած գյուղը և տեղափոխվեն Սյունիքի մարզ, որովհետև այնտեղ ավելի շահագրգռող գումար է», – ասել է հասարակական գործիչը։

Դեռ բնակապահովման ծրագիրը ոչ մեկին տուն չի տվել, բայց Կառավարությունը  կասեցնել է բազմաթիվ փախստականների  բնակվարձի և կոմունալ ծախսերի համար նախատեսված 40+10 հազար դրամի աջակցությունը։

Վճարների հետ կապված խնդիրներ են ունեցել, օրինակ, այն ընտանիքները, որոնց անդամներից գոնե մեկը Հայաստանում գրանցած որևէ գույք է ունեցել, թեկուզ ոչ արժեքավոր։  Խնդիրներ են ունեցել նաև մարդիկ, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանում չեն եղել։

Մոխրաթաղցի Կարինեն Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ ինքն ու երեխան սոցաջակցություն չեն ստանում․ մերժման պատճառը նախկին ամուսնու՝ Հայաստանում գույք ունենալն է․ «Հիմա ինքը ստեղ էլ չի, չեմ կարողանում թղթերը դասավորել, որ տան վարձը ստանամ»։

Մայիսից սկսած բնակվարձի աջակցությունը չէին ստանում նաև 2020 թվականին ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները։ Նրանց նաև չէին համարում բնակարանային նոր ծրագրի շահառու։ Այս խտրական մոտեցման դեմ  մի քանի բողոքի ցույցեր եղան Կառավարության շենքի մոտ։  Հոկտեմբերի 10-ին Սոցապը ստիպված եղավ վերանայել բնակարանային ծրագրի պահանջները՝ այն հասանելի դարձնելով բոլոր  ղարաբաղցիներին։

Սեպտեմբերին Սոցապ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խոստացել էր, որ կվերականգնվի նաև 40+10 վճարները։ Շուշեցի Մարգարիտան Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ գումարները դեռ չեն փոխանցվել։ Իրենք ավելի քան հինգ ամիս է՝ պատքով են  տան վարձ փակում։

Ամիսների պարտքը խոստանում են փոխանցել նոյեմբերին, բայց նաև զգուշացրել են, որ ծրագիրը շուտով  կփակվի։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ասել է, որ հունվարի 1-ից վարձավճարներ չեն ստանա աշխատանքային տարիքի ղարաբաղցիները։ Պետությունը կօգնի միայն  երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու թոշակառուներին։ Հունվարին սկսվող նախագիծը դեռևս չի դրվել edraft.am-ում, որտեղ կարելի է դրա հետ կապված առաջարկություններ անել։ 

«Բնակարանային ապահովման ծրագրի իրագործումը լիարժեք չէ․ բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ կան։ Քանի դեռ հաղթահարված չեն այդ խնդիրներն, ու լուծումներ պահանջող հարցերը լուծված չեն, դադարեցնել մի ծրագիր, որովհետև գործում է կառավարության մեկ այլ ծրագիր, այդքան էլ ճիշտ չէ», – ասուլիսի ժամանակ ասել է ՀՔԱՎ փաստաբանը։