Home / Հայաստան / Նախկինների թեկնածուն 2-րդ փուլում է․ Մոլդովայի եվրաինտեգրումը հաղթել է 8000 ձայնով

Նախկինների թեկնածուն 2-րդ փուլում է․ Մոլդովայի եվրաինտեգրումը հաղթել է 8000 ձայնով

Մոլդովայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ․ գործող նախագահ Մայա Սանդուն երեկվա քվեարկությանը ստացել է ձայների 42,3 %-ը, երկրորդ տեղում է Ալեքսանդր Ստոյանոգլոն։

Նախագահական ընտրություններին զուգահեռ հանրաքվեի էր դրվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրումն ամրագրելու հարցը։ «Այո» քվեարկել է ընտրողների 50,3 %-ը՝ գերազանցելով ընդդիմախոսներին ընդամենը 8 հազար ձայնով։ Ընտրություններին և հանրաքվեին մասնակցել է ավելի քան մեկուկես միլիոն քաղաքացի` ընտրողների 50%-ից ավելին։

Նախագահի պաշտոնի համար պայքարում էին 11 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Մայա Սանդուն` Մոլդովայի գործող ղեկավարը: Նա արևմտամետ քաղաքական գործիչ է, Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն նախաձեռնողը:

Երկրորդ փուլ անցած Ստոյանոգլոյին աջակցում է ընդդիմադիր Սոցիալիստական ​​կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնն է։ Նա չի առաջադրվել, սակայն կոչ է արել իր համախոհներին քվեարկել Ստոյանոգլոյի օգտին։ Միևնույն ժամանակ սոցիալիստները չեն կարողացել համոզել որևէ այլ կուսակցության աջակցել իրենց թեկնածուին։

Դոդոնը և Ստոյանոգլոն անցնում են մի շարք քրեական գործերով և դատավարություններով։ Նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի և պետական ​​դավաճանության մեջ, նախկին գլխավոր դատախազը՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեջ։ Երկուսն էլ պնդում են, որ իրենց գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն և կարվել են նախագահ Սանդուի անձնական հրահանգով: Նախագահը հերքում է։

Մոլդովայի գործող իշխանությունները, մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ընտրություններից առաջ հայտարարեցին նախընտրական քարոզարշավին Ռուսաստանի միջամտության և հետախուզման մեջ գտնվող օլիգարխ Իլան Շորի ներգրավվածության մասին։

Նախնական արդյունքների հրապարակումից ժամեր անց Մայա Սանդուն հայտարարել է, որ Մոլդովան հարձակման է ենթարկվել «հանցավոր խմբավորումների և արտաքին ուժերի» կողմից, որոնք փորձել են «300 հազար ձայն գնել»։

Այսօր այդ մեղադրանքը հաստատել է նաև Եվրամիության խոսնակը, պնդելով, որ «քվեարկությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և նրա համախոհների կողմից աննախադեպ միջամտության պայմաններում»։

տե՛ս Մերձդնեստրյան կիբերփանկ․ աչքերը բացում է Շերիֆը