Արմավիրցի կենդանասերները պահանջում են լուծել թափառող շների հարցը և արձագանքել տեղացի ակտիվիստների նկատմամբ հարձակումներին։ Հոկտեմբերի 22-ին նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի մոտ, հանդիպել քաղաքապետին, հաղորդում ներկայացրել ոստիկանությանը։
Արմավիրում թափառող կենդանիները շատացել են։ 2022-2023 թթ. ստերջացման և բուժման համար հայտարարված մրցույթին դիմողներ չեն եղել։ 2024-ին հաղթած ՀՈԱԿ-ը, ըստ կենդանասերների, իր պարտականնությունները չի կատարել և փոշիացրել է համայնքի գումարները․ «Խանութից 300 դրամանոց կլիպսեր են առել, կպցրել շների ականջներին։ Չեն ստերջացրել։ Փողոցում տեսնում ես՝ կլիպսը ականջին հղի շուն»։
Տեղական իշխանությունների անգործության պատճառով, ըստ նրանց, «կենդանիների հանդեպ տարբեր զգացմունքներ ունեցող մարդկանց միջև թշնամանք է ստեղծվել»։
Արմավիրցի Նառայի, Շուշանի և Լիլիթի հարևաններին, օրինակ, դուր չի գալիս, որ նրանք կերակրում և ինքնուրույն հոգ են տանում թափառող շների մասին: Նառան և Շուշանը պատմում են` դա է պատճառը, որ տարիներ շարունակ հարևաններից անձնական վիրավորանքներ են ստանում։
Նախորդ տարվա դեկտեմբերին Նառան դիմել է տեսչական մարմին և առաջարկել ստուգումներ անել հարևանի հացի փռում։ Տեսչականը խախտումներ է գտել և կասեցրել արտադրությունը: Հարևանները որոշել են վրեժխնդիր լինել՝ սպանել են նրա շանը, քոթոթներից մի քանիսին գցել են զուգարանը, քարերով և փայտերով հարձակվել տան վրա։ «Ամեն անգամ դուռը բացելուց ինձ ուղղված ամենավերջին խոսքերն եմ լսում», – պատմել է Նառան:
Նա մի քանի անգամ ոստիկանություն է կանչել, հանցագործության մասին հաղորդումներ է տվել, դիմել է Քաղաքապետարան: Ոչինչ չի արվել։ Հոկտեմբերի 7-ին հարևանները նորից հարձակվել են կնոջ վրա, վիրավորել, սպառնացել: Երկու օր անց նրան մի տղամարդ է զանգել, ներկայացել որպես ոստիկան Կոլյա և խնդրել մոտենալ բաժին։ Բաժնից Նառային հարկադրաբար տարել են Նուբարաշենի հոգեբուժարան։ Պարզվել է, որ հարևանները՝ մոտ 30 հոգի, ստորագրահավաք են արել և պահանջել մեկուսացնել կնոջը։ Մի քանի ժամ հետո Նառային ազատել են հոգեբուժարանից, քանի որ հանձնաժողովը պաթոլոգիաներ չի հայտնաբերել։