Home / Համայնքներ / Իրանի դեսպանը խաբել է հայաստանցի ֆերմերներին

Իրանի դեսպանը խաբել է հայաստանցի ֆերմերներին

Հայաստանի ոչխարաբույծները բողոքի ակցիա են արել Իրանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով փոխհատուցում Իրան արտահանած ոչխարի մսի համար։

Ոչխարաբույծները պնդում են, որ դեպի Իրան մսի արտահանումը ղեկավարում է դեսպան Մեհդի Սոհբանին ոմն Յուսուֆի միջնորդությամբ՝ կազմակերպելով հալալ սպանդ Ոսկե Ցլիկ սպանդանոցում։ Հայաստանից ոչխարի միս արտահանողները հիմնականում Արարատ և Արմավիր մարզերի եզդիաբնակ գյուղերի անասնապահներն են։ Նրանց արտահանած մսի պարտքը կազմում է 150 միլիոն դրամ։ Նոր խմբաքանակը մորթվել է, սակայն դեռ չի իրացվել. սառնարաններում է։

Ըստ ցուցարարների` Յուսուֆը ևս դեսպանատան բիզնեսի զոհն է։ Նրանց խոսքերով, Իրանը սուբսիդավորում է հալալ մսի ներմուծումը։

«Մենք տեղեկություն ունենք, որ այս անգամ դեսպանատունը Յուսուֆին փող չի տվել, փոխարենը փորձել է գնալ ԱԱԾ՝ հաղորդագրություն տալու։ Ճանապարհին նրան բռնել են։ Այս պահին մենք չգիտենք, թե որտեղ է նա՝ ոստիկանությունում, թե՞ Իրանի դեսպանատանը», – ասում է բողոքի ակցիայի մասնակից Անդրանիկ Կալասյանը։

Ոստիկանությունը հրաժարվում է տեղեկություն տալ Յուսուֆ Խոդամարդիի ձերբակալման մասին։

Ակցիայի մասնակիցներին դեսպանատունն այս անգամ չընդունեց, բայց երկու անգամ՝ օգոստոսին և սեպտեմբերին, հյուպատոսն ու դեսպանը հանդիպել են մսավաճառներին և խոստացել ժամանակի ընթացքում փոխհատուցել պարտքը։ Դեսպանն ուղղորդել է գյուղացիներին իրանական փոխանակման կետ՝ Սարաֆի։

«Այսօր դեսպանը խոսքը փոխել է, ասել է՝ փող չկա, բայց եկեք պարտքի չափով ձեզ երկաթ տանք։ Մենք հիմա էլ երկաթ ծախե՞նք», – արձագանքել է Կալասյանը։

Ցուցարարները պահանջում են, որ հենց դեսպանն իրենց մոտ դուրս գա, քանի որ նախորդ հանդիպումներին իրենց տված խոտումները բանավոր են եղել՝ տեսախցիկներից հեռու, և չեն կատարվել։ Բացի Իրանի դեսպանից, նրանք նաև դիմում էին Հայաստանի իշխանություններին․ «Թո՛ղ թույլ չտան ամեն մեկը ստեղ գա, խաբի, քցի ժողովրդին»։