Ընդերքօգտագործման ոլորտում «ներդրումային գրավչությունը» բարձրացնելու նպատակով Կառավարությունը առաջարկում է հեշտացնել հանքարդյունահանողների գործը և սահմանափակել գյուղացիների՝ հանքերին ընդդիմանալու հնարավորությունները։
Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության օրենսդրական փաթեթի՝ հողի սեփականատերը, եթե դրա տակ կան թանկարժեք հանածոներ, պարտավոր է սեփականության իրավունքից հրաժարվել նոտարական համաձայնությամբ՝ նշելով հողի վաճառքի գինը։ Եթե անհատ կամ համայնքային սեփականատերը հրաժարվի համաձայնությունից՝ պետք է փոխհատուցի ընդերքօգտագործողին՝ ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար կատարված բոլոր ծախսերի դիմաց: Սա կարող է կազմել գումար, որն անհնար է վճարել ցանկացած հայաստանցի գյուղացու կամ գյուղի համար։
Օրենքի նախագիծը սա պարզապես ընթացակարգի «պարզեցում» է անվանում, բայց այն ուղղակի անհնար է դարձնում հողի սեփականատիրոջ կողմից որևէ բողոք հանքարդյունաբերողի դեմ։
Փոփոխության հիմնավորման մեջ ասված է, որ հին է մոտեցումը, երբ հողամասի սեփականատերը սեփականության իրավունք ունի նաև այդ հողամասերի տակ գտնվող ընդերքի նկատմամբ:
«Այս մոտեցումը բնորոշ էր շատ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Այն տարածված էր մինչև 20-րդ դարը։ Կա նաև երկրորդ մոտեցումը, որը ներկայումս գերակշռում է, հիմնված է ընդերքի և հողամասերի նկատմամաբ իրավունքների տարանջատման վրա և պայմանավորված է նրանով, որ հողի նկատմամբ իրավունքը չի ազդում ընդերքի նկատմամբ իրավունքի վրա: Իր հերթին, այս սկզբունքի կիրառումը հանգեցնում է մի շարք իրավական խնդիրների։ Այս առումով տարբեր երկրներ որդեգրել են տարբեր մոտեցումներ։ Նախագծերը մշակվել են՝ վերլուծելով նշյալ երկրների իրավակիրառ պրակտիկան», – ասում են օրենքը մշակողները։
Նախարարությունը նաև առաջարկում է «պարզեցնել» հողի նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության փոխելու ձևը։ Եթե հիմա գյուղատնտեսական հողերը պաշտպանվում են և դրանք այլ նպատակով օգտագործելու համար յոթ կառույցներից կազմված հանձնաժողովի թույլտվությունն է պետք, ապա այժմ հողի կարգը կարող է փոխվել համայնքի ավագանու որոշումով։
Բնապահպանական Էկոլուր կազմակերպությունը քննադատել է նախագիծը, քանի որ այն «բացառապես ընդերքօգտագործողի բիզնես շահերի պաշտպանության և գերակայության տեսակետից» է գրված, և հանքարադյունաբերողին տալիս է նոր «շանտաժի» գործիք՝ հողի սեփականատերերի դեմ։