Կոլումբիայի հյուսիային Կատատումբո շրջանում զինված խմբավորումների միջև հակամարտության սրացման հետևանքով 80 մարդ է սպանվել, գրում է տեղական El Tiempo թերթը։
«Ազգային ազատագրման բանակի» (ԱԱԲ) և «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» (ԿՀԶՈՒ) նախկին անդամների միջև բախումները սկսվել են անցյալ շաբաթ։ ԱԱԲ-ն ուզում է վերահսկողություն սահմանել Կատատումբոյի 52 հազար հեկտար կոկա բույսի տնկաստանների նկատմամբ։
Ներկայիս բախումները համարվում են ամենաարյունալին վերջին 15 տարիների ընթացքում։ Մարզի ավելի քան 8 հազար բնակիչներ արդեն փախել են հարևան քաղաքներ։ Իշխանությունները տարհանվածներին հազիվ են բնակության վայրով ապահովում։ Զինված հակամարտության գոտուց մարդկանց մի խմբի տարհանել են ուղղաթիռներով։ Մեծ թվով քաղաքացիներ պատսպարվել են ջունգլիներում, հստակ թիվը հայտնի չէ։ Որոշները տեղափոխվել են Վենեսուելա։ Կան առևանգվածներ։
Զինված հարձակումների առաջին օրերին մարդիկ կարծում էին, որ սա հերթական կարճատև բախումն է և պարզապես փորձում էին տանը մնալ։ ԱյնուհետևԱԱԲ զինյալները սկսեցին շրջել տներով ու սպանել կամ առևանգել ԿՀԶՈՒ-ի և Կոլումբիայի իշխանությունների միջև 2016 թվականի խաղաղության բանակցությունների մասնակիցներին։
ԱԱԲ-ն պնդում է, որ սպանվածները ԿՀԶՈՒ այն անդամներն են, որոնք հիմա էլ զենք են կրում և քաղաքացիական անձինք չեն համարվում։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պեդրոն ժամանակավորապես դադարեցրել է ԱԱԲ-ի հետ խաղաղության հաստատման բանակցությունները։ Կատատումբո են ուղարկվել պետական զինվորականներ։
Կոլումբիայում կոկաինի պլանտացիաների համար զինված խմբավորումները պայքարում են ավելի քան հիսուն տարի։ Բախումների արդյունքում ավելի քան 250 հազար մարդ է սպանվել։ 2016 թվականին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ԿՀԶՈՒ-ի հետ համաձայնության պայմանագիր է ստորագրել, որից հետո արյունահեղությունը կանգնել է։ Կոլումբիայի նախագահը քաղաքացիական պատերազմին վերջ դնելու և զինված խմբավորումներին զինաթափելու համար արժանացել է Նոբելյան մրցանակի։
Հակամարտությունն ավարտելու պայմանագրին, սակայն, կողմ էին ոչ բոլորը։ Այն ստորագրել էին երկրի նախագահը և ԿՀԶՈՒ ղեկավարը։ Այլ խմբավորումների ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցել և քննադատում էին Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ղեկավարությանը նախագահի հետ համագործակցության համար։