Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հերթափոխող գործադուլավորներին զայրացրել է տնօրենության նոր հայտարարությունը, թե իբր իրենք ստում են, որ ցածր աշխատավարձ են ստանում։ Հայտարարությունը համարում են գործադուլը ճնշելու փորձ։ ԶՊՄԿ-ն ֆեյսբուքյան էջով հրապարակել է աշխատավարձերի ցուցակ՝ որ մասնագետը որքան է ստանում։
Գործադուլավորները հայտարարում են, որ այդ թվերը իրական չեն։ Epress.am-ին նրանցից շատերը ցույց են տվել իրենց աշխատավարձերի քաղվածքները։ Ըստ դրանց՝ ԶՊՄԿ ներկայացված թվերն ուռճացված են։
«Ֆլոտատորը ստանում է ամենաշատը 330 հազար դրամ, ոչ թե 590: էլեկտրագազաեռակցողը՝ մաքսիմում 420 հազար, ոչ թե 600։ Իրենք ոչ միայն «կեղտոտ» աշխատավարձն են հրապարակել՝ հարկերը-տուրքերը մեջը, այլև չեն հաշվել, որ մեր աշխատավարձից հանվում է նաեւ առողջապահական ապահովագրության վճարը և արմիության անդամավճարը։ Մի արհմիության, որը մեր կողմից չի երբեք: Մենք ամսական 7000 դրամ վճարում ենք միայն իրենց: Մի հատ հետաքննություն հլը պիտի անեն՝ ում ա էտ արհմիությունը օգնել», – ասում է գործադուլավորներից մեկը։
Ցուցարարները պահանջում են, որ ոչ թե իրենց «կեղտոտ» աշխատավարձերը ցուցադրեն, այլ բացահայտեն իրե՛նց իրական աշխատավարձերը։
«Թող հանրայնացնեն վերնախավի և բանվորների իրական աշխատավարձերը, կտեսնենք՝ տարբերությունը ինչքան է տալիս»։
«Պարոն Խուդոլին, դու ինչքա՞ն ես ստանում: Հանրայնացրու, տեսնենք: Մեծ դժգոհություն կա նաև առողջապահական ընկերությունների և դրա համար պահումներից։ Ապահովագրությանը փոխանցվում է միջինը 15 000 դրամ՝ ամեն աշխատավարձից, բայց միշտ չէ, որ բժշկական ծախսերը փոխհատուցվում են:
«Ինգո Արմենիայի աշխատանքը գնահատում ենք զրո։ Հլը երկու տարի առաջ, որ Նաիրին էր, էլի լավ էր։ Սրանք լրիվ դիմումնները մերժում են»: