Կառավարությունը վարկառուների եկամտահարկը կտա բանկերին, որ մարվեն անհուսալի վարկերը և վարկառուները չշահագործվեն սև շուկայում։ Փետրվարի 1-ից գործող ծրագրին կարող են դիմել մինչև մեկ միլիոն մայր գումարով, երեք ու ավելի տարի վաղեմության անհուսալի վարկ ունեցող գրանցված աշխատողները։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը կլինի 20%` այժմ սահմանված 50%-ի փոխարեն։ Մյուս 30%-ը կվճարի Կառավարությունը վարկառուի աշխատավարձից պահվող եկամտահարկից։
Եթե մարդը երեք կամ ավել ամիս դուրս գա աշխատանքից և նոր աշխատանք չգտնի, Կառավարությունը կդադարի վճարումները, իսկ բանկերը կրկին կվերականգնեն նրա տույժ-տուգանքները։
Դիմելու նախապայմաններից մեկն այն է, որ բանկը կամ վարկային կազմակերպությունը ունենա Կենտրոնական բանկից տրված լիցենզիա։
«Եթե վարկը մեկ միլիոնից ավել է, ապա քաղաքացիները կարող են մուծել մնացորդը, ապա նոր դիմել ծրագրին այս տարվա ընթացքում», – ասուլիսի ընթացքում ասել է Սոցապ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Դիմումները ընդունվում են օնլայն՝ e-social.am հարթակի միջոցով։ Կայքում անհրաժեշտ է ընտրել «կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը, այնուհետև «անհուսալի վարկերի միջոցառում» ծրագիրը։ Տվյալների նույնականացման համար համակարգը կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։ Դրանք ընտրելուց հետո անհրաժեշտ է մուտքագրել փաստաթղթերը և թողնել հետադարձ կապի տվյալներ, որի միջոցով էլ կտեղեկացվի՝ հայտն ընդունվել է, թե ոչ։
Այն մարդիկ, ովքեր չունեն բջջային նույնականացման քարտ կամ նույնականացման քարտի ընթերցող սարք, կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ և այնտեղ դիմում ներկայացնել։
Շահառու դառնալուց հետո, ըստ Խաչատրյանի, այլ որևէ գործողություն անելու կարիք չկա, ամբողջը կատարվում է ինքնաշխատ եղանակով։ Վարկի, այն սպասարկող բանկի և հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կապված ինֆորմացիան կստացվի պետական էլեկտրոնային համակարգով։
«Այս քաղաքացիները, նրանց ճնշող մեծամասնությունը գտնվում է ստվերում կամ կիսաստվերում։ Հույս ունենք, որ ծրագիրը կօգնի վերականգնել նրանց տնտեսական ակտիվությունը», – նշել է նախարարի տեղակալը։
Հայաստանում, սակայն, սևով աշխատելու պատճառներից մեկը հենց բանկերն են։ Հազարավոր մարդիկ չեն կարող գրանցված աշխատել, կուտակել ստաժ և ստանալ աշխատանքային իրավունքներ, որովհետև բանկերի սև ցուցակում են. հարկադիր կատարողը նրանց հաշիվներից աշխատավարձի մինչև 50 տոկոսը քաշում է և փոխանցում փոխառու բանկին։ Շատ մարդիկ իմաստ չեն տեսնում գրանցվելու մեջ, եթե նրանց աշխատավարձի կեսը պահելու են։