Home / Համայնքներ / Փարաքարի կռիվները հարուստ պատմություն ունեն

Փարաքարի կռիվները հարուստ պատմություն ունեն

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում երեկ ուշ երեկոյան սպանել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին և նրա ընկերոջը՝ ոստիկան Կարեն Աբրահամյանին։ Կրակոցների և զոհերի մասին ՆԳՆ-ն երեկ գիշերն է հաղորդել։ Ավելի ուշ գերատեսչության խոսնակը մանրամասնել է՝ սպանված ոստիկանը այդ պահին ծառայության մեջ չի եղել, «արձակուրդում էր»։ Կրակոցների հետևանքով նաև մեկ վիրավոր կա՝ ոմն Արծրուն Գալստյանը։ Նրան արդեն վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքը տեղի է ունեցել Մերձավան համայնքի Երևանյան խճուղում՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տան մոտ։

Դիմավակովրված անձը մոտեցել է այնտեղ կանգնած երեք անձանց և կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ, ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Քիչ առաջ արտահոսել է նաև սպանության տեսագրությունը։

«Դիմակավորված անձը դեռ չի հայտնաբերվել, տեսախցիկները վերցվել են», – քիչ առաջ հայտնել է Քննչական խմբի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է միջադեպը՝ հատուկ ընգծելով՝ «պետք է մանրամասն վերլուծել, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարքը կոտրելու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորել է տեղի ունեցածում քաղաքական դրդապատճառներ չփնտրել։

սա նոր չի սկսվել

Փարաքարից պարբերաբար կրակոցների մասին լուրեր են գալիս։ 

2025-ի փետրվարին հաղորդվել էր Մերձավան գյուղի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակման մասին։ Կրակոցների հետևանքով այն ժամանակ մահացել էր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Եվս մեկ երիտասարդ վիրավորվել էր։ Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր՝ Ախտոյանի տան բակում զանգվածային ծեծկռտուք է, մասնակիցների մեջ կան նաև կալաշնիկով ինքնաձիգով զինված մարդիկ։

Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել, կալանավորվել էր երեկ սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։

Վալոդյա Գրիգորյանի հայրը՝ Լևոն Գրիգորյանը, երկար տարիներ զբաղեցրել է Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը։ Հայտնի հանրապետական պատգամավոր, կրիմինալ օլիգարխ Առաքել Մովսիսյանի (Շմայս) մտերիմներից էր համարվում։ 2018-ի իշխանափոխությունից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել համայնքային հողերի հետ մախինացիներ անելու և համայնքին մոտ 9 միլիոն դրամի վնաս պատճառելու մեղադրանքով։ Գործը դատարանում է։

Մերձավանը Փարաքար խոշորացված համայնքի մեջ է մտնում։ Փարաքարը գտնվում է Երևանից դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհին։ Աշխարհագրական դիրքը համայնքին մեծ եկամուտներ է ապահովում։ Ժամանակին այստեղ էին գտնվում երևանամերձ կազինոները, հիմա համայնքը հայտնի է հատկապես կահույքի բիզնեսով։

տե՛ս Երեխեքի մեջ ո՞նց ընտրենք․ ռեպորտաժ Փարաքարից

Փարաքարում մի քանի մրցակցող կլաններ կան, դրանց քաղտնտեսական առճակատումը պարբերաբար քրեական միջադեպերի է բերում։ Լրատվամիջոցները գրում են, որ Գրիգորյանների տան մոտ երեկ գիշերը տեղի ունեցած սպանություններից հետո այսօր հատուկ պահպանության տակ է առնվել նաև Ախտոյանների տունը։

ընտրյալները

Սպանված Վալոդյա Գրիգորյանը Փարաքարի համայնքապետ է դարձել այս տարվա մարտին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների հետևանքով։ Նա ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Նախորդ ընտրությունները Փարաքարում քաղաքական առճակատման էին բերել։ Գրիգորյանը հաղթել էր նաև 2021-ին, բայց համայնքապետ այդպես էլ չէր դարձել։ Երկրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիրն» այն ժամանակ միավորվել էր երրորդ տեղը զբաղեցրած «Դավիթ Մինասյան դաշինքի» հետ՝ պայմանով, որ Գրիգորյանի փոխարեն Փարաքարը 2.5 տարի կղեկավարի Մինասյանը, 2.5 էլ՝ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։ «Ապրելու երկիրը» նեղացել էր և անցել բոյկոտի։

Երկուսուկես տարի անց Մինասյանը կալանավորվել էր եկամուտների հայտարարագիր չներկայացնելու համար։ Գյուլնազարյանն էլ ստիպված հրաժարական էր ներկայացրել պաշտոնը ստանձնելուց ընդամենը 4 ամիս հետո, քանի որ վիրավորվել էր Երևանի ավտոլվացման կետերից մեկում փոխհրաձգության ժամանակ։ Փարաքարցիները վստահեցնում էին, որ նա «սխալ պահին սխալ տեղում էր հայտնվել»։

մի հատ էլ դեսպանի եղբայրը

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Փարաքարում ձերբակալել էին նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին։

Սեպտեմբերի 3-ին պարեկները Փարաքարի Երևանյան փողոցում մեքենա էին կանգնեցրել, ուղևորներից մեկը (հետագայում պարզվել էր՝ դեսպանի եղբայրը) դուրս էր թռել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած ապօրինի ատրճանակն ու «փոշենման զանգված»։ Նրան հայտնաբերել էին հաջորդ օրը։ Մեղադրանք է առաջադրվել զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածներով։