Home / Համայնքներ / Տեսանք Արարատը և լսեցինք ազանը «նաչալնիկի» թույտվությամբ

Տեսանք Արարատը և լսեցինք ազանը «նաչալնիկի» թույտվությամբ

Արաքս գյուղը Արմավիրի մարզում է՝ Թուրքիայի սահմանին։ Ցանկացած կետից կարելի է տեսնել Արարատը, ամեն տեղից՝ լսել ազանը, որով մոազենը մուսուլմաններին հրավիրում է աղոթքի։ Գյուղացիները պատմում են, որ առաջ (իսկ մեր դեպքում «առաջը» համարյա միշտ «Խորհրդային Միության օրոք» է նշանակում) թուրքերն ավելի բարձրաձայն էին․ առավոտյան կանչը տեղացիների համար որպես զարթուցիչ էր ծառայում։ Հիմա բարձրախոսը վատ է աշխատում։

DSC03296

DSC03295

Ասում են, որ հիմա սահմանապահներն էլ են վատ աշխատում։ Առաջ նրանք պաշտպանում էին իրենց՝ դեռ ԽՍՀՄ սահմանը։ Դիրքերում տասը անգամ ավել զինվոր կար, իսկ հիմա՝ յուրաքանչյուրում ընդամենը 6 հոգի։ «Ինչի՞ համար պիտի պաշտպանի, եթե սա այլևս իրա հայրենիքը չէ, — ասում է գյուղի բնակիչներից մեկը․ — Էն ժամանակ իրանք ուրիշ էին, ոչ թե էս ձերինի պես․․․»։

էս «մերը» Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչն է՝ մի քանի սահմանային ուղեկալների հրամանատար, գյուղական անցուդարձի հսկիչ։ Ի պաշտոնե նա պարտավոր է «ստուգել» եկվորներին և տեղեկացնել սահմանամերձ տարածքում գտնվելու կանոնների մասին։ Այդպես էլ ծանոթացանք։ Քանի որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ինձ հեշտ է գտնել «բազայում»։ Հարցնում է՝ երբևէ եղե՞լ եք Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում։ Պատասխանում եմ, որ չեմ եղել երբեք։ Հետո զղջում եմ, որ չհարցրեցի․ «Իսկ դո՞ւք»։ Մենք հայ-թուրքական սահմանին ենք, ի՞նչ կապ ունի այստեղ Դոնեցկը։ Ավելի ուշ իմանում եմ, որ ինքը եղել է․ գնացել էր «մարտական փորձ ձեռք բերելու»։

*** 

Գյուղական կյանքում հունիսի վերջը վարունգի սեզոն է։ «Երեխեք, ի՞նչ եք ուզում», — հարցնում է մեր հարևանուհի Ռիմա Հակոբովնան։ «Վարունգ, — պատասխանում ենք մենք․ — մի հինգ հատ»։ Հինգ հատը հաշիվ չէ, Ռիմա Հակոբովնան բերում է որպես նվեր։ Թոշակից առաջ նա մանկաբարձ է աշխատել Վաղարշապատում, մտածում եմ՝ երևի դրա համար է հայրանունով ներկայանում։ «Ապրում եմ թոռանովս, 35 տարեկան է»։ Ծնողների մահվանից հետո թոռը տեղափոխվել է իր մոտ, վարունգ է աճեցնում, տանում Վաղարշապատ՝ վաճառելու։ 

DSC03554

DSC03488

Մի ուրիշ ընտանիք էլ բանջարեղենը հանձնում է Երևան-սիթիի պահեստ։ Այնտեղ միայն կատարյալ մթերքներն են վերցնում՝ տասից մեկը։ Մայրաքաղաքի սուպերմարկետներին «ոչ հարիր» ապրանքը տանում են մոտակա շուկա՝ սեփական մեքենայով կամ 10 000 դրամով վարձակալված ֆորդով։ Կան նաև վերավաճառողներ. մի կիլո վարունգից 10 տոկոս են աշխատում, հիմիկվա գներով՝ 20 դրամ։ Հարևաններից մեկը պատմում է, որ վաստակած գումարի մեծ մասը ծախսում է տրանսպորտի վրա, որ ապրանքը շուկա տանի ու հետ գա։

Գյուղում համարյա բոլորը զբաղված են ջերմոցներում։ Երեխաներն աշխատում են ծնողների հետ հավասար։ Դեռահասներից մեկը պատմում է, որ երեկ առավոտյան վեցից մինչև ցերեկվա երկուսը սածիլներ է տնկել։ Նրա տատիկը ջերմոցում աշխատում է օրական 15 ժամ։ «Շատ եմ սիրում տատիկիս։ Ծնունդի օրը բոլորով գնացել էինք տնից, որ մենակ մնա, հանգստանա։ Ամենալավ նվերն էր»։

DSC03712

Հաջորդ օրը Ռիմա Հակոբովնան մեզ համար մի ամբողջ տոպրակ վարունգ էր բերել։ Երբ իմացավ, որ «նաչալնիկը» (գյուղում այդպես են անվանում սահմանապահ ծառայության հրամանատարին) մեզ մոտ է, համաձայնեց մտնել սուրճի՝ նախօրոք ճշտելով, ադրյոք համապատասխան է հագնված նման հանդիպման համար։ 

*** 

Ամեն տեղ պաստառներ են կախված՝ «Մի թող թշնամին մտնի քո տուն», որոնք հորդորում են զգոն լինել և եթե ինչ՝ զանգահարել ֆորպոստի ներկայացուցչին։ Սա «նաչալնիկի» անձնական նախաձեռնությունն է, որի համար նրան քիչ էր մնում գործից հանեին. հայկական ԶԼՄ-ները ֆոտոներ էին հրապարակել Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու մասին մեկնաբանություններով։ Բայց հորդորը կարծես աշխատում է։ Զավեն ձյաձյան առաջին իսկ օրը ընկերոջս զգուշացրեց․ «Նաչալնիկի հետ խոսա, հետո ստեղ ման արի» ու հավաքեց համարը։ Ասում են՝ ուսումնական տագնապի ժամանակ նա «հանցագործին» բահով էր վնասազերծել։

DSC03649

Նաչալնիկը կարոտում է «առանց ակցենտի ռուսերենը»։ Մեր խմբի նկատմամբ հետաքրքրությունը նա այդպես էր բացատրում։ Փոխադարձ հետաքրքրվածությունը մենք բացատրում էինք նրանով, որ ռուսական ФСБ-ի ներկայացուցչի հետ երբեք սեղան չենք նստել։

Նաչալնիկի ու տեղացիների պատմելով, վերջին տարիներին դիրքերում իրավիճակ է փոխվել։ Առաջ ռուսները շատ էին, հիմա անձնակազմի մեծ մասը ժամկետայիններ ու պայմանագրայիններ են Հայաստանից։ Չարբախի հավաքակայանում նրանց ընտրում է հանձնաժողովը, որի կազմում նաև ռուս սպաներ կան։ Պաշտոնական վարկածի համաձայն, ծանոթ-բարեկամ խառնելու իմաստ չկա, ընտրում են ըստ «անհրաժեշտ հմտությունների և ռուսերենի իմացության մակարդակի»։ Ծառայությունն այստեղ հարմարավետ է․ սահմանին չեն կրակում, զորամասը մեծ չէ, այսինքն՝ բոլորը բոլորին անձամբ գիտեն։ «Տեղացի սպաների համար ավելի դժվար է՝ անընդհատ զանգեր են ստանում ժամկետայինների հարազատներից։ Իսկ ես ռուսական սպա եմ, ինձ հեշտ է ուստավով աշխատել»։ Հայաստանցի զինծառայողները ռուսական համազգեստ են կրում, բայց ծառայում են ոչ թե 1 տարի, ինչպես Ռուսաստանում է, այլ 2՝ ըստ հայաստանյան օրենքների։ Հայ պայմանագրայինները աշխատավարձը ստանում են ռուբլիով։

DSC03580

Զինվորականներից մեկը պատմում է, որ Թուրքիայի կողմից սահմանը հատում են հիմնականում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները։ Հատուկ նշում է, որ դա «ահաբեկչական կազմակերպություն» է։ «Փախնում են, երբ Թուրքիայում հատուկ գործողություններ, հալածանքներ են սկսվում։ Թուրքական բանտերում «ազատ օր» հասկացություն կա։ Ամիսը մեկ լավ վարքի համար կարելի է «ուվալնենի» ստանալ։ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանագիր չկա, հետևաբար մենք չենք կարող նրանց հետ ուղարկել։ Ստեղ մի երկու տարի են նստում պետական սահմանը խախտելու համար, հետո գնում են Սիրիա։ Վերջին բռնածս թուրքին էնտեղ 15 տարի էին տվել, որից 4-ը արդեն նստել էր։ Ստեղ տարիուկես ստացավ սահմանն անցնելու համար»։

Սահմանը փորձում են անցնել նաև Հնդկաստանի քաղաքացիները։ Ռուս սպան նրանց համեմատում է «Նաշա Ռաշա»-ի հերոսների հետ։ «Ստեղ իրանք կոպեկներ են ստանում, կոպեկնե՛ր։ Վեցից ինը աշխատելու համար՝ 4-5 հազար դրամ։ Ուղարկում են տնեցիքին՝ Ռավշանի ու Ջամշուտի պես»։

*** 

Այսօր հարևան գյուղից վերադառնալիս ոստիկանական մեքենայի ձայներ լսեցինք, պարցվեց՝ մեր հետևից են գալիս։ Մեքենայից դուրս վազեց «նաչալնիկն» և ուրախ բարևեց. «Տենց էլ գիտեի, որ դուք եք։ Զանգում, ասում են՝ ինչ-որ մարդիկ հեծանիվ են քշում և ուսումնասիրում սիստեման»։ Սահմանապահները «սիստեմա» են անվանում փշալարերով դարպասները, որոնք ուրվագծում են սահմանը։

DSC03695

DSC03633

***

Թուրքիային մոտ լինելը այսօր հազիվ դեռահասներին է վախեցնում։ Իրար մեջ խոսում են, որ եթե սահմանը բացվի, թուրքերը հաստատ կհարձակվեն։ Մեծահասակներն անհանգստանում են, որ թուրքական մրգերի և բանջարեղենի ներմուծման պատճառով տեղացիներն անգործ են մնալու։

Գյուղում կա մեկ դպրոց։ Իմ նոր ընկերոջ դասարանում ինը աշակերտ է մնացել։ Վերջերս ծրագրում ավելացել է թուրքերեն լեզուն՝ որպես ընտրովի առարկա։ Դպրոցականներն ամեն տարի այցելում են դիրքեր, էքսկուրսիայի ժամանակ սնվում են զինվորների պես՝ տուշոնկայով գրեչկա։ Դպրոցի առաջին հարկում նկարներ են կախված։ Արարատի մոտ միշտ պատկերված է Արաքս գետը, Երևանում նման սյուժե չես հանդիպի։ Աչքի է ընկնում Արենի գործը, որը մեր պատշգամբից է նկարել՝ դեպի Արարատ տանող ճանապարհը։

DSC03568

DSC03297

Ընկերս նկատում է. «Մենք ոնց որ իննսունականներում մնացած լինենք։ Երեկ մեկը մեքենա էր գողացել, էսօր գնում եմ ընկերոջս թաղմանը՝ ինքնասպան է եղել, բայց ոչ մեկ այդ մասին չի խոսում։ Եթե պանյատներով չես ապրում՝ նեղացնում են, իսկ աղջիկների համար ավելի բարդ է։ Ստիպված ես ինտեգրվել հասարակությունում, որում բոլորն ուզում են գող դառնալ»։

*** 

Գող դառնալու ցանկությունը թվում է հասկանալի։ Այլընտրանքները շատ չեն՝ դառնալ զինվոր կամ հող մշակել ռուս զինվորների հսկողության ներքո։ 

Երբեմնի գողական Դավիթի հետ միանգամից լեզու ենք գտնում։ Նա հարգում է բոլորին, ով չի գնացել Ուկրաինայի դեմ կռվելու, ու չի սիրում Պուտինին, որովհետև նա գող է, որը դավաճանել է գողական մշակույթը։ Այդ երեկո ամենաբուռն քննարկումները Ռուսաստանից արտաքսված ադրբեջանցիների շուրջ էին. Պուտինը միակն է, ով չի հարգում ոչ մեկին, իսկ գողերն ազգություն չունեն։

DSC03427

***

Հարևաններից մեկը հիշում է՝ ԽՍՀՄ փլուզումից հետո «պետություն չկար, ամեն ինչ մեր վրա էինք վերցրել, բայց ԿԳԲ-ն մնում էր ԿԳԲ, սահմանին ամեն ինչ կարգին էր»։ Սոված տարիներին գյուղում ավելի հեշտ էր․ մարդիկ ինքնակազմակերպվում էին, բանջարեղեն էին հավաքում, Երևան էին տանում, որ բաժանեն։ Ադրբեջանից փախստականներ էլ են ընդունել։ Կատակում են, որ նրանք գյուղից գնացել են, երբ լսել են ազանի կանչը։

«1991-ից հետո հինգ տարի լույս չունեինք»։ Ամբողջ փողոցը դիզվառելիքի փող էր հավաքում։ Էլեմենտով հեռուստացույց էին նայում՝ «Ստրկուհի Իզաուրան»։ Մանկապարտեզի շենքն այն ժամանակ լքված էր, 90-ականներին դեռահասաներն այնտեղ էին հավաքվում։

*** 

1948 թվականի սովետական քարտեզներում Արաքս գյուղը կոչվում է Ներքին Ղարխուն։ «Կովկասի տեղեկագրի» տվյալներով,  1880 թվականի դրությամբ գյուղում 132 տնտեսություն է եղել, բնակչության էթնիկ կազմը՝ «թաթարներ», դավանանքը՝ «շիա մահմեդականություն»։ Եկեղեցիների կամ մզկիթների մասին տեղեկություններ չկան։ Հիշատակվում է, որ գյուղում առկա էին խոյաձև տապանաքարեր։ Այդպիսիք կան նաև Գորիսում՝ ջարդած գլուխներով։

Նրանք, ում նախնիները Արաքս են եկել ցեղասպանությունից հետո, պատմում են, որ 30-ականներին այստեղ «թուրքեր» են ապրել։ 1945-ին բոլորը գաղթել են․ քրդերը՝ կենտրոնական Ասիա, եզդիները՝ Ռուսաստան։ Մյուս «կովկասյան թաթարները» հեռացել են 1948-ին։ Ասում են, որ նրանց գերեզմանոցը մնացել է դպրոցի տակ։ 

DSC03303

DSC03302

«Վատ է, որ Սովետական Միությունում չեք ապրել», – ասում է մեր հարևանն ու հիշում, որ 60-ականներին «պոստերը տուն էին մեզ համար», մայոր Սովենկոն բոլորին ճանաչում էր, գյուղում ավելի շատ էր լինում, քան դիրքերում։ Նրա կինը՝ Ռայիսա Իվանովնան, ռուսերենի դասատու էր գյուղի դպրոցում։ Սահմանապահների երեխաները բոլորի հետ նույն դպրոցն էին գնում։ «Հիմա էն չի, հիմա շուկայական հարաբերություններ են»։

Տեղացիները զգացել են նաև կենտրոնացման բացասական կողմերը։ «Անդրոպովի օրոք գյուղում անասնապահական կոլխոզ կար։ Ո՞ր մի հիմարն էր որոշել, որ այստեղ Մերձբալթիկայից կով է պետք բերել։ Ամռանը մեզ մոտ 50 աստիճան է, ձմռանը՝ -20 ու մեկուկես մետր ձյուն»։ «Պլանային տնտեսության պատճառով մարդկանց ստիպում էին բամբակ աճեցնել»։ Մի ձմեռ ոչխարի մորթուց շինել հագած զինվորին չախկալները քիչ էր մնում ուտեին։ Հիշում են, որ 70-80-ականներին Զվարթնոցում տոնավաճառ էին կազմակերպում․ գյուղի բոլոր խանութները փակվում էին, մարդիկ գնում էին վաճառելու բաշխման արդյունքում գյուղ հասած անպետք ապրանքները՝ կալոշներ, տոմատով կիլկա, այլ պահածոներ։ Ասում են՝ բաքվեցիք դրանց համար հերթ էին կանգնում։

DSC03304

DSC03305

*** 

Սահամանամերձ գոտում շատերը վարելահողեր ունեն։ Սեփական հողամաս մտնելու համար պետք է թույլտվություն ստանալ սահմանապահներից։

***

ԽՍՀՄ փլուզումից հետո ոմանք Ռուսաստան են գնացել, ոմանք՝ Եվրոպա, որոշները հետ են վերադարձել։ Մարդ կա՝ 16 տարի ապրել է Խարկովում, հիմա պարբերաբար զանգվում է ընկերների ու բարեկամների հետ։ Մեկն էլ վերջերս է եկել Ղարաբաղից։ Նույնիսկ նրանք, ովքեր միշտ գյուղում են ապրել, ունեն արտագաղթած ազգականներ։ Հարևանի տանը թոնիր կա, բայց նկարում պատկերված կնոջ որդիները հիմա լավաշ են թխում Սամարայում։ DSC03591

Մեր մյուս հարևանը՝ Դավիթը, Ռուսաստանի Բելգորոդի շրջանում հաջողակ շինարարական բիզնես ուներ․ այնտեղ հիմա ոչինչ չեն կառուցում, ու չես էլ կարող տունդ վաճառել։ «Ռուսաստանը սաղին կուլ ա տվել, հիմա բաց ոռով ենք վերադառնում»։ Եզդի Հուսեյնի բոլոր բարեկամները Եվրոպա են տեղափոխվել դեռ պերեստրոյկայի ժամանակ։ Ինքը Եվրոպայում ձանձրացել է. այստեղ մեծ տուն ունի, ջերմոց, աղավնիներ, պարբերաբար շուկա է գնում։

DSC03744

***

Այս տեքստի վրա աշխատելու ժամանակ գտա Դավիթ Գասպարյանի վիդեոբլոգը Արաքս գյուղից։ Դավիթը կլոր տարի նկարում է իր պտղատու այգիներն ու սովորեցնում խնամել ծառերը։ Բլոգի հղումը՝ https://www.youtube.com/@davitgasparyan2800

Անաստասիա Կարկոցկայա