Home / Նոր պատմականություն / Մոլդովայի ընտրություններում փոքր անակնկալ եղավ

Մոլդովայի ընտրություններում փոքր անակնկալ եղավ

Սեպտեմբերի 28-ին Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրություններում վերընտրվել է գործող իշխանությունը: Նախնական տվյալներով, նախագահ Մայա Սանդույի «Գործողություն և սոլիդարություն» կուսակցությունը ստացել է ձայների 52.8 տոկոսը և 55 մանդատով կազմում է կայուն մեծամասնություն խորհրդարանում, ուստի կարող է միայնակ կառավարություն կազմել։ 

 

Երկրորդ տեղում է ընդդիմադիր «Հայրենասիրական» կուսակցությունների դաշինքը։ Մոլդովական նոր պարլամենտում (սոցիոլոգների համար անսպասելիորեն) 8 տեղ կունենա նաև Քիշնևի քաղաքապետ Իոն Չոբանի ձախական «Ալտերնատիվա» դաշինքը։ Վեցական մանդատ էլ կստանան «Ժողովրդավարությունը՝ տանը» և «Մեր կուսակցությունը»։ 

 

Մոլդովայում նախընտրական շրջանը միջազգային մամուլը լուսաբանում էր գեոպոլիտիկ կոնտեքստում։ Կրքերը գնալով թեժանում էին. օրեր առաջ BBC-ին բացահայտեց, որ Ռուսաստանը փորձում է միջամտել ընտրական գորխծընթացներին թրոլերի ֆաբրիկաների միջոցով։ Իշխող կուսակցությունը Ռուսաստանին մեղադրում էր նաև ընտրակաշառք բաժանելու մեջ, այդ թվում՝ եկեղեցու օժանդակությամբ: 

 

Ընդդիմադիր ուժերն էլ իշխանությանն էին մեղադրում վարչական ռեսուրսները չարաշահելու՝ չճանաչված Մերձդնեստրյան հանրապետությունում ընտրատեղեմասերը քչացնելու, ընդդիմադիր կուսակցությունների դեմ քրեական գործեր հարուցելու, ռուսամետ ալիքները փակելու մեջ։ 

 

Երեկ էլ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Եվրոպային է մեղադրել Մոլդովայի ընտրություններին միջամտելու մեջ՝ ի օգուտ Սանդույի. նա գրել է, որ իրեն Ֆրանսիայի հետախուզական ուժերն անցյալ տարի խնդրել են գրաքննել որոշ ընդդիմադիր տելեգրամ ալիքներ՝ ընտրություներին ընդառաջ։ 

 

Նախնական հարցումները խիստ հակասական էին, կախված նրանից, թե ով էր այդ հարցումն անում։ Միակ հստակ բանն այն էր, որ ընտրողների 30-40 տոկոսը կողմնորոշված չէր կամ չէր ուզում մասնակցել ընտրություններին։ Թեև միջազգային մամուլը այս ընտրությունների մասին գրում էր «պատմական», «ճակատագրական», մոլդովացիները 48 տոկոսը այդպես էլ չմասնակցեց քվեարկությանը։ 

 

Քարոզարշավի ընթացքում ներկա նախագահ, Մայա Սանդուն ընդդիմությանը մեղադրում էր Ռուսաստանին «ծախված» լինելու մեջ և խոստանում էր Մոլդովան Եվրամիություն մտցնել մինչև 2028-ը։ Նա իշխանություն է եկել համաժողովրդական շարժումով 2020 թվականին։ Ինչևէ Սանդույի ժողովրդականությունը խիստ նվազել է տնտեսական քաղաքականության պատճառներով. անցյալ տարի Սանդուն նախագահ վերընտրվեց եվրոպաբնակ սփյուռքի ձայների շնորհիվ։

 

Ամենամեծ ընդդիմությունը՝ «Հայրենասիրական դաշինքը» դեռ ընտրություններից առաջ հայտարարում էր, որ իշխանությունները ընտրությունները կեղծելու են, և ժողովրդին հրավիրում էր հանրահավաքի հաջորդ օրը՝ այսօր։ Հայրենասիրական բլոկի լիդերներն են նախկին նախագահ Իգոր Դոդոնի սոցիալիստական կուսակցությունը և Կոմունիստական կուսակցությունը։ Նրանց նախընտրական խոստումն է․ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և գնել էժան գազ։ 2023 թվականից Սանդուն միացել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և սկսել է գազ գնել եվրոպական շուկայից. գազի գները բարձրացել են շուրջ հինգ անգամ և հանգեցրել գնաճի և արտագաղթի. «Ալտերնատիվա» դաշինքի թեկնածու, հնեաբան Մարկ Տկաչուկի խոսքով՝ երկրից արտագաղթել է 50 000 մարդ վերջին չորս տարում։ Տնտեսական ճգնաժամի պատճառը միայն էներգետիկայի գներն չեն։ Ֆինանսական ճգնաժամը արմատները 2014 թվականից են սկսվում, երբ երեք առաջատար բանկերից գողացվեց 1 միլիարդ դոլար, ինչը համարժեք էր Մոլդովայի ՀՆԱ-ի 12%-ին։ Իշխանափոխությունից հետո Սանդուն հետախուզում է հայտարարել այդ ժամանակվա խորհրդարանի նախագահ Վլադ Պախոտնյուկի և բանկիր Իլան Շոռի հանդեպ, ովքեր բանկային կողոպուտի գլխավոր մեղադրյալներն են։ Պախոտնյուկը փախել էր Թուրքիա, Շոռը՝ Ռուսաստան։ «Նախկին» չինովնիկիններից մեկին այնուամենայնիվ հաջողվեց վերադարձնել Մոլդովա ընտրությունների նախաշեմին։ Նրան արտահանձել է Հունաստանը սեպտեմբերի 25-ին։ 

 

Երրորդ տեղում է «Ալտերնատիվա» դաշինքը, որը խոստանում է քննարկել քաղաքական հարցերը Եվրոպա-Ռուսաստան երկընտրանքից դուրս, բարելավել աշխատանքային իրավունքները, վերադարձնել խոպան գնացած մոլդովացիներին, եվրոինտեգրացիային շարունակել տեղական բարեփոխումներին զուգահեռ։