Կենդանասերներն ահազանգում են՝ թափառող կենդանիների ստերջացման համար տրվող պետական գումարները մսխվում են, իսկ ոչ պատշաճ ծառայություններ իրականացնող կազմակերպությունները փոխում են անունները և նորանոր տենդերներ շահում։ Կենդանասարները ակցիա են արել Դատախազության դիմաց՝ պահանջելով քննել նման դեպքերը և նման կազմակերպություններին այլևս թույլ չտալ մասնակցել մրցույթներին։
«Տենդեր շահած ստերջացնող մի շարք կազմակերպություններ պարզապես զբաղված են փողերի լվացմամբ։ Թափառող կենդանիներին բռնում, մի քանի օր պահում, ականջներին 500 դրամանոց կլիպս են փակցնում ու բաց թողում, այնինչ գումար են ստացել ստերջացնելու համար։ Ու մեկ էլ տեսնում ես կլիպսը (ստերջացված շներին տարբերելու համար ականջին կպցնում են կլիպս.-խմբ.) ականջին հղի շուն։ Պարզ է՝ կատաղության դեմ էլ չեն պատվաստում։ Ու եթե հետո էդ շունը մեկին կծի, բոլորը կմեղադրեն շներին», – նշել է «Դոգմա» կենդանապաշտպան ՀԿ-ի անդամ Մարի Տեր-Անտոնյանը։
Տենդեր շահած կազմակերպությունները, ըստ Մարիի, պարտավոր են ունենալ ստերջացման կլինիկաներ, սակայն գործող կլինիկաները ավելի շատ նման են անասնագոմերի։ Վերջերս կենդանասերերը այցելել են Ջաջուռ գյուղում գտնվող մի այդպիսի «կլինիկա», որտեղ պահում են Զովունի, Եղվարդ, Աբովյան, Մարտունի և մի շարք այլ համայնքներից տարված թափառող շներին։ Դա բետոնածածկ, գրեթե առանց լուսավորության փոքր տարածք է, որտեղ շներին պահում են փոքր վանդակներում, ստերջացման համար նախատեսված ոչ մի պայման և պարագա «կլինիկայում» չկա։ Կենդանասերները կասկածներ ունեն, որ նրանց ոչ կերակրում, ոչ էլ ջուր են տալիս։
Այն պատկանում է «Նորոգում» ՍՊԸ-ին, որ վերջերս մի շարք համայնքներում հաղթել է թափառող կենդանիների ստերջացման նպատակով հայտարարված մրցույթներում։ Կենդանապաշտպան Գոհար Տեր-Անտոնյանը այս կազմակերպությունը կապում է մեկ այլ կազմակերպության հետ, որը տարիներ առաջ ստերջացման տենդեր է շահել Գյումրիում և ձախողել։ Կենդանասերների պնդմամբ հիմա «Կումիս»-ը տենդերներին մասնակցում է այլ անունների տակ։
««Ադիլ Շին» ՍՊԸ, «Նորոգում Շին» ՍՊԸ, «Սոլյարիս» ՍՊԸ, որ հաղթել է մրցույթում ու փախել։ Հրազդանի քաղաքապետարանից զանգում են Մարի Տեր-Անտոնյանին, ասում՝ կներեք, կարո՞ղ եք գտնել այդ մարդուն, տենդերը շահել ու փախել է, շները թափառում են։ Նայում ենք ռեգիստրով՝ «Կումիս» ՍՊԸ-ի սեփականատերը Սեդրակ Վիրաբյանն է, նայում ենք «Նորոգում» ՍՊԸ-ն՝ Սեդրակ Վիրաբյանն է և այսպես շարունակ», – պատմել է կենդանապաշտպան Գոհար Տեր-Անտոնյանը։
Մի շարք կենդանասերներ պնդում են` վերջերս իրենց խնամքի տակ գտնվող տասնյակ շներ են կորել տարբեր համայնքներում։ Կասկածում են, որ նրանց տարել են Ջաջուռ։ Եթե տարել են ստերջացնելու համար, պետք է արդեն բաց թողած լինեին․ «Սպանում են, բաց են թողում, ստերջացնում են՝ անհայտ է»։
Կառավարության կողմից իրականացվող սխալ և ոչ պատշաճ քաղաքականության պատճառով հանրությունը վախենում է շներից, հաճախ ագրեսիվ է տրամադրվում նրանց հանդեպ, նշում է «Դոգմա» կենդանապաշտպան ՀԿ-ի անդամ Մարի Տեր-Անտոնյանը։
Բացի այդ դատախազությունը թերանում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի գործերը քննելիս։ Թեև կա օրենք, կենդանիների հարցերով գործերը ձգձգում են, կարճվում, մեղավորները չեն բացահայտվում կամ, լավագույն դեպքում, բացահայտվում են և մնում անպատիժ։
Ակցիայի մասնակիցները հանդիպեցին Դատախազության ներկայացուցիչների հետ։ Նրանց խոստացան, որ այսուհետ կլինեն ավելի հետևողական։