հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Արջը վնասել է այցելուի ձեռքը. կենդանիների խնդիրը չի լուծվում պետության ապաշնորհ վերաբերմունքի պատճառով

Արջը վնասել է այցելուի ձեռքը. կենդանիների խնդիրը չի լուծվում պետության ապաշնորհ վերաբերմունքի պատճառով

«Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Ռեստորանում պահվող վայրի կենդանիներից մեկը՝ արջը, վնասել է այցելուներից մեկի ձեռքը։ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ 23-ամյա աղջիկը տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ Ինչպես Epress.am֊ին հայտնել է հիվանդանոցի տնօրենը, աղջկա երրորդ մատը անդամահատվել է։

Ռեստորանի աշխատակիցներից Վազգենը Epress.am֊ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեպքի ողջ պատասխանատվությունը կրում է վնասված անձը։

«Մենք ունենք երկշերտ ճաղավանդակ։ Դուք զագնեք էդ աղջկանից հարցազրույց վերցրեք, ինչի է նա ձեռքը մտցրել վանդակի մեջ »,֊ ասաց նա։

Այն հարցին, թե արդյոք Բնապահպանության նախարարությունից ռեստորանում դեպքից առաջ ու հետո ստուգումներ արվել են, Վազգենը պատասխան չի տվել։

Կենդանիների իրավունքներով զբաղվող «Pro paws» բարեգործական ՀԿ֊ի անդամ Նարե Արամյանը Epress.am֊ին ասել է, որ այսպիսի դեպքեր իրականում գրեթե ամեն շաբաթ լինում են, ուղղակի դրանք վրիպում են մեդիայի ուշադրությունից։

Արամյանը հիշեցնում է, որ 2016 թվականի հունվարին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել էր զբաղվել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների վերաբերյալ օրենքների մշակմամբ այն բանից հետո, երբ բրիտանական Daily mail օրաթերթը «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին» հրապարակումով անդրադարձել է Գյումրիում մեծահարուստ օլիգարխի քմահաճույքով լքված առյուծների և արջերի խնդրին։ Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի մերձավորներից մեկին է պատկանում վայրի կենդանիներ ունեցող ռեստորաններից մեկը՝ տեղակայված Մխչյան գյուղում։

«Daily mail֊ի խայտառակությունից հետո ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակեր օրենքներ։ Մինչև հիմա երկու անգամ է խումբը հավաքվել։ Սա ցույց է տալիս Կառավարության ապաշնորհ վերաբերմունքը։ Նոր նախարար նշանակվեց, հանդիպեցինք Արծվիկ Մինասյանին, երկու ամիս է անցել՝ ոչ մի քայլ չի արվել։ Օրենքի մշակումը մի կողմ, կենդանիների գույքագրման համար օրենք պետք չէ, նախարարի մի որոշմամբ դա կարող են անել, չեն անում»,֊ ասել է Արամյանը։

Ըստ կենդանասեր ակտիվիստի՝ ռեստորանային համալիրներում կենդանիները պահվում են փոքր խցերում, հայտնի չի՝ ինչ սնունդ են ուտում, և այս վիճակը ոչ մեկի կողմից չի վերահսկվում։

Մշակվող օրենքը նախատեսում է, որ վայրի կենդանի պահելու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը պետք է ստանա լիցենզիա։ Դրա համար նա պետք է ներկայացնի ապացույցներ, որ միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ է ստեղծել վայրի կենդանու համար, ունի պայմանագիր անասնաբույժի հետ։