Օրեր առաջ մենք ինտերնետային փոստով մի ուշագրավ
նամակ էինք ստացել, որտեղ նկարագրված էր մեր քաղաքական գործիչներից մեկի վարքն ու
բարքը: Վերջինս, օգտագործելով իր կապերը, փորձել էր մի դատապարտյալի համար «ներում» դասավորել: Դրա համար 10 հազար դոլարի գումար էր պահանջել, մատնանշել, թե
այդ գումարն ում է տրվելու: Որոշ ժամանակ անց ներման գործը չէր ստացվել` նշված
դատապարտյալի դիմումը ՀՀ նախագահին կից ներման հանձնաժողովը մերժել էր:
Նույն քաղաքական գործիչը, ըստ նամակագրի,
պատճառաբանել էր, թե փողը փոխանցվել է ում հարկն է` վերևում են «քցել»: Բնական էր
նամակագրի վրդովմունքը: Քանի որ այս նամակը լուրջ քրեական մեղադրանք
էր պարունակում, որն ապացուցման ենթակա չէ, ուստի մենք ձեռնպահ մնացինք այն հրապարակելուց:
Ինքը` նշված քաղաքական գործիչը, պարզաբանեց, թե այդ «ներման» գործն ընթացքի մեջ է, և մենք կարող ենք վնասել մարդուն, իսկ գումարի մասով նամակն իրականությանը չի համապատասխանում: Սակայն առաջիկայում մենք պատրաստվում ենք զբաղվել այս գործով, և հնարավոր է նոր մանրամասներ ի հայտ գան: