Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ եկող շաբաթ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները քննարկելու են անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների հարցը:
«Մենք ունենք արդեն համաձայնություն, որ եկող շաբաթ այդ քննարկումն անց ենք կացնելու», – ասաց Սաֆարյանը: Կոալիցիան քննարկելու է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավոր ճանապարհները: «Մենք մեկ անգամ ևս կնայենք հարցի իրավական լուծման հնարավորությունները և կարձանագրենք նաև մեր քաղաքական մոտեցումները»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Իշխանությունը փորձելու է քաղբանտարկյալների ազատ արձակման ճանապարհը գտնել մինչ եկող տարեսկզբին սպասվող ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնարական Թոմաս Համմարբերգի և Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հայաստանյան այցը: