Ռուսաստանի դաշնային կենտրոնը պետք է վերջ դնի Չեչնիայում իրականացվող արշավին, որի նպատակն է ստիպել կանանց իսլամի օրենքներին համապատասխան հագուստ կրեն, հայտարարել է Human Right Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
Ռամադանի սկզբից մինչ օգոստոսի կեսերը Human Right Watch-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Չեչնիայից: Հաղորդագրություններում նշվում է, որ Գրոզնիի փողոցներում հալածանքի են ենթարկվում բաց գլխով կանայք կամ նրանք, ովքեր հետապնդողների պատկերացմամբ ոչ այդքան համեստ են հագնված:
«Կանանց ստիպել հագուստի հարցում կրոնին կամ ավանդույթներին ենթարկվել, նշանակում է նրանց անձնական կյանք ներխուժել: Կրեմլը պետք է կանխի նման փորձերը: Չեչնիայի կանայք, ինչպես և Ռուսաստանի կանայք պետք է հագուստի ընտրության ազատություն ունենան», – անդրադառնալով խնդրին` ասել է Human Right Watch-ի մոսկովյան գրասենյակի փոխնախագահ Տանյա Լոքշինան: