ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայլուրին» տված հարցազրույցում ներկայացրել է հայ-ռուսական երկաթուղային ոլորտում համագործակցության հեռանկարները և մեկնաբանել քաղաքացիների շրջանում առկա մտահոգությունը` կապված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ծառայությունների հետ:
Տիգրան Սարգսյանի խոսքով` ընդլայնված նիստի ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարար Լևիտինը զեկուցեց այդ հարցը` ընդգծելով, որ 2010 թվականի ընթացքում ռուսական կողմը ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու է, որովհետեւ նախորդ 2 տարիների ընթացքում կար մի փոքր ծավալների կրճատում, և ծրագիրը կոնցեսիոն ներդրումային մասով չէր կատարվում։
«Ռուսական կողմը պարտավորություն էր ստանձնել, որ 2010 թվականին նրանք կկատարեն ներդրումային ողջ ծրագիրը։ Առաջինն ուշադրություն է դարձվելու շարժակազմի բարելավման գործընթացին, որպեսզի մեր քաղաքացիները զգան, որ կա իրական բարելավում։ Իհարկե, կարևոր է նաև ճանապարհների որակի բարձրացումը, որի հետևանքով կավելանա ուղևորափոխադրումների արագությունը, ինչը նույնպես շատ կարևոր է։ Եվ երրորդը` կառավարման նոր մոդելի ներդրումն է, որը կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, որպեսզի տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրներ չառաջանան, որպեսզի մեր քաղաքացիների համար հասանելի լինի շարժակազմը»,- ասել է վարչապետը։