Home / Армения / Անկախության հռչակագրի տոնը ընդդիմությունը նշեց Սարյանի պուրակում

Անկախության հռչակագրի տոնը ընդդիմությունը նշեց Սարյանի պուրակում

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն: Քսան տարի անց այդ օրը Հայաստանում մեծ շուքով նշել է Հայ Ազգային Կոնգրեսը: Անկախության հռչակագրի օրը Կոնգրեսը տոնել է Սարյանի արձանի հարակից այգում: Ժամը 20:00-ին` միջոցառումը սկսելու նախանշած ժամին,  տոնին մասնակցելու եկավ նաև ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի ներկայությունը մեծ ոգևորություն առաջացրեց հավաքվածների մոտ:

ՀՀ առաջին նախագահը ելույթ չունեցավ, բայց մինչև միջոցառման ավարտը մնաց Սարյանի պուրակում: Ելույթներ ունեցան ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով նաև պատիվ է ունեցել ընթերցելու Հայաստանի անկախության հռչակագրի տեքստը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը և դերասան Երվանդ Մանարյանը:    

Արամ Մանուկյանն իր ելույթում հիշեցրեց, որ Անկախության հռչակագիրը ստեղծվեց երկար  պայքարի արդյունքում: «Երազների փաստաթուղթը, որի համար ազգեր են տառապում, որի համար զոհեր են լինում հարյուրներով, հազարներով և շատերը չեն հասնում այն երազած օրվան, որը կոչվում է անկախություն: Ազատ ընտրություններով ձևավորված առաջին խորհրդարանը` Գերագույն խորհուրդը, հռչակեց այդ հրաշք փաստաթուղթը: Տասներկու խորհրդավոր  կետից կազմված այն ամբողջական երազների հավաքական է, որ կոչվեց Հայաստանի անկախության հռչակագիր»,- ասաց Արամ Մանուկյանը:

Վերջինս նաև անուն առ անուն հիշեց այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել և իրենց գործունեությամբ նպաստել են, որ  Հայաստանը ունենա իր Անկախության հռչակագիրը:

ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն էլ, իր ելույթում համեմատական անցկացնելով Հայաստանի երկրորդ և երրորդ հանրապետությունների անկախությունների միջև, ասաց. «Տասնութ թվականին անկախությունը հռչակվեց, ոչ թե ժողովրդի պայքարի արդյունքում, ոչ թե քաղաքական նպատակներ էին դրված, այլ աշխարհաքաղաքական դեպքերի զարգացմամբ և դա ես կանվանեի ոչ իմացյալ անկախություն, չգիտակցված: Այս անկախությանը մենք հասանք մեր համաժողովրդկան պայքարի արդյունքում, պայքարի տոտալիտար ռեժիմի դեմ: Եվ եթե Երկրորդ հանրապետությունը  գոյատևեց ընդամենը երկու տարի, Հայաստանի Հանրապետությունը  և մեր այս անկախությունն արդեն հավերժական երևույթ է»:

Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում ներկայացրեց  Անկախության հռչակագրից դուրս բերված չորս դրույթ: Դրանցից մեկը` յոթերորդ կետն էր: 
      

«Հայաստանի Հանարապետության ազգային հարստությունը, հողը, ընդերքը, օդային ծառայությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակությաին կարողությունները մեր երկրի սեփականությունն է, այո: Ես հարց եմ տալիս այօրվա Հայաստանում այդպե՞ս է»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը, որին ներկաները միաբերան պատասխանեցին` «ոչ»: Այնուհետև նա շարունակեց: «Ոչ, այսօրվա Հայաստանում ազգային հարստությունը կողոպտված է:  Ռոբերտքոչարյանները և մնացյալները միմիայն օգտագործել են իրենց պաշտոնները մեր ընդերքը թալանելու, իրենց հարստացմանը ծառայեցնելու նպատակով»,- հավելեց Զուրաբյանը:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց «Մատյան անկախության» ֆիլմը,  որում ներկայացված էր Հայաստանի երրորդ հանրապետության, անկախության քսանամյա պատմությունը:

Նշենք, որ այդ տարածքում  կային միայն մի քանի ոստիկաններ, որոնք չխոչընդոտեցին ընդդիմության միջոցառման անցկացմանը և սահմանափակվեցին միայն հեռվից հետևելով իրադարձություններին: