Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրակրթության ոլորտի բարեփոխումներին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ նախարարներ, մարզպետներ ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքը, առկա խնդիրներն ու առաջնահերթ լուծում պահանջող անելիքները։ Ի թիվս այլ հարցերի, մասնավորապես, քննարկվել են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականության ապահովման, հանրակրթության որակի բարելավման և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջից ելնելով` ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում կներդրվի ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ, ինչը հնարավորություն կընձեռի մրցակցային սկզբունքով կազմելու դպրոցների վարկանիշերը։
Առաջիկայում կհաստատվի ուսուցիչների ատեստավորման կարգը, իսկ մինչև տարեվերջ կսկսվի դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը։
Ամփոփելով խորհրդակցությունը և վերահաստատելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ուշադրութան կենտրոնում պահել հատկապես համայնքների դպրոցների խնդիրները, հայտնում է Կառավարությունը։