Ինչո՞ւ են հայերը նախընտրում Վրաստանում հանգստանալ: Այսօր ասուլիսի ընթացքում այս հարցին փորձեցին պատասխանել Հյուրանոցների ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Հակոբյանը և Տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը:
Ըստ Հակոբ Հակոբյանի` նախևառաջ պետք է հավասար բաները համեմատել, այսինքն` եթե մարդ ցանկանում է գնալ ծով հանգստանալու, ապա նա կգնա, ու այստեղ կապ չունեն հյուրանոցային սպասարկման որակը և տուրիստական գործակալությունների առաջարկները:
Ռոբերտ Մինասյանն էլ ասաց, որ Վրաստանը ավելի խելացի է գտնվել և մեծ ներդրում է արել գովազդի մեջ, ինչը, ցավոք, բացակայում է մեզ մոտ:
«Տեսե՞լ եք արդյոք որևէ հայկական տուրիստական գովազդ այլ երկրներում»,- հարց հնչեցրեց Ռոբերտ Մինասյանը և հավելեց.
«Չկա աշխարհում որևէ զարգացած տուրիստական երկիր, որտեղ ներքին տուրիզմը բարձր մակարդակի վրա չլինի: Մեզ մոտ էլ է անհրաժեշտ զարգացնել ներքին տուրիզմը. պետք է քաղաքապետարանները, գյուղապետարանները աչքերը բացեն ու աշխատեն այդ ուղղությամբ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում բացակայում է միասնական աշխատանքը, ամեն մարդ սայլը քաշում է իր կողմը»,- հայտարարեց Տուրօպերատորների միության նախագահը և հավելեց, որ անհրաժեշտ է ողջ տուրիզմը բերել հարկային դաշտ: