Առաջացել է մի վիճակ, որ պետք է հայ-ռուսական բարեկամությունը փրկել այս կեղծ շոու-փորձությունից, կարծում է «Ժառանգություն» կւսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հակոբյանն անդրադարձել է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման հարցին:
«Ես թե’ որպես հեռուստալրագրող, թե’ որպես քաղաքացի, թե’ որպես քաղաքական գործիչ վիրավորվում էի, որ մեր ամբողջ եթերը լցված էր շողոքորթությամբ», – ասել է նա: Ըստ նրա, հնարավոր է, որ մեծամասնությունը կողմ է, բայց «շատ տրամադրություններ», փաստեց Հակոբյանը, չեն մտել եթեր:
«Անհասկանալի է, որ մեր քաղաքական գործիչը նստած եթերում ասում է, որ նույնիսկ С-300-ի վաճառքը Ադրբեջանին ձեռնտու է Հայաստանին: Ասում է, այո, Ռուսաստանը մեզանից մի քիչ նեղացած է, որովհետև կառավարության միջանցքներում եվրոստիլ կադրեր են ման գալիս: Այսինքն, կնեղանան` ինչի՞ պիտի Եվրոպայում կրթություն ստացած մարդիկ աշխատեն մեզ մոտ», – շարունակեց «Ժառանգության» փոխնախագահը:
Հակոբյանը ցավով նշեց, որ հայկական քաղաքական դաշտում կա մի մաս, որը ռազմավարական ստրկամտությունը ռազմավարական գործընկերությունից չի տարբերում.
«Ես վստահ եմ` բոլոր նրանց համար, ովքեր պետք է պաշտպանեին այս պայմանագիրը, կանաչ լույս էր վառված»:
Նրա կարծիքով, իշխանությունն ինքը պիտի ստեղծեր այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանը զգա հայկական կողմի դժգոհությունը: