Թուրքիան մտադիր է Ռուսաստանին հանել պետության անվտանգությանը սպառնացող պետությունների ցանկից: Որոշումն ընդունվելու է այս տարվա հոկտեմբերին` Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստի ժամանակ:
Մեկնաբանելով այս հարցը` քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը «Взгляд» թերթին տրված հարցազրույցում ասել է, որ այս փուլում Թուրքիան արագ քայլերով մերձենում է Ռուսաստանի հետ` միաժամանակ հեռանալով Միացյալ Նահանգներից:
Քաղաքագետի խոսքերով` վերջին շրջանում Թուրքիայի վարած քաղաքականությունը երկիրը հեռացրել է այն ուղուց, որը փորձում էր նախագծել ԱՄՆ-ն: «Մի կողմից` Իսրայելի հետ հարաբերությունների խզումը, իսկ մյուս կողմից` Իրանի հետ մերձեցումը»:
Փորձագետի կարծիքով`Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվությունը Ռուսաստանի համար շահավետ է այնքանով, որքանով Մոսկվայի համար շահավետ է ցանկացած ակտիվություն, որ հրահրված չէ Միացյալ Նահանգների կողմից: «Բայց հաշվի առնելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև դարավոր մրցակցությունը, այնուամենայնիվ, երկու երկրների շահերը բախվելու են: Սա բնորոշ է մեծ տերությունների միջև ձևավորված հարաբերություններին»:
«Որպես երկու հզոր և հավակնոտ տերություններ` Ռուսաստանի և Թուրքիայի շահերի բախումը ցնցման է բերելու, որն անխուսափելի է: Շահերի բախումը կապված է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղի և Հարավային Կովկասում Թուրքիայի դերի հետ»:
Քաղաքագետի կարծիքով` ցանկանալով Միջին Ասիայում լինել էներգետիկ մատակարարման կենտրոն, Թուրքիան խճճվել է միմյանց հետ մրցակցող նախագծերում: «Մի կողմից` Թուրքիան ցանկանում է կապի մեջ լինել Ռուսաստանի հետ և մասնակցել ռուսական նախագծերին, այդ թվում`«Հարավային հոսք» և «Երկնագույն հոսք» նախագծերին, մյուս կողմից էլ չի ուզում բաց թողնել «Նաբուկո» նախագիծը, որը մրցակից է Ռուսաստանին»:
Այսպիսով, Թուրքիան փորձում է միանգամից երկու աթոռի վրա նստել, ինչը վաղ թե ուշ հակասելու է Ռուսաստանի շահերին: «Մասամբ սա արդեն տեղի է ունենում, քանի որ Թուրքիայի մասնակցությամբ փաստաթղթերը «Հարավային հոսքում» ստորագրված չեն` չնայած խոստումերին: Վերջնական համաձայնություն դեռ չկա»,- ասել է Լուկյանովը: