Վերջին երկու ամիսների ընթացքում հայկական բանակում գրանցվեցին մի քանի աղմակահարույց դեպքեր, որոնք հասարակական դժգոհության պատճառ դարձան: Այդ կապակցությամբ Facebook սոցիալական ցանցում հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվեց մի խումբ` «Սեյրան Օհանյան և Ալիկ Սարգսյան, ինքնասպան եղեք» անվամբ, որին միացան մոտավորապես 300 օգտատերեր:
Բանակում տեղի ունեցած հերթական սպանությունից հետո Epress.am-ը մեկնաբանությունների համար դիմեց Հրանտ Տեր-Աբրահամյանին` խնդրելով անդրադառնալ նաև առաջին երկու դեպքերից հետո հնչած Սեյրան Օհանյանի հրապարակային ելույթին:
«Ըստ էության, Սեյրան Օհանյանի հեռուստաներկայացումից հետո չանցավ մի երկու շաբաթ, ու նորից գրանցվեց հերթական սպանությունը: Հետևաբար կամ էդ մարդու խոսքը հիմք չի իր ենթակաների համար, կամ ինքն էլ առանձնապես լուրջ չի վերաբերում իր իսկ խոսքին: Կամ էլ պետք է հասկանալ վերջապես, որ խնդիրը անձերը չեն, այլ այն, որ բանակն ու քրեական աշխարհը ինտեգրված են իրար, որ չի կարող լինել նորմալ բանակ, որն առաջնորդվում է գողական օրենքներով»,- ասաց Հրանտ Տեր- Աբրահամյանը:
Խոսելով հետագա հավանական հասարակական ակտիվության մասին` Հրանտ Տեր-Աբրահամյանը նշեց, որ նախաձեռնությունը մեծ հաշվով միակն է` «պայքար, պայքար մինչև վերջ ու, ի վերջո, իշխանափոխություն»: