Հայաստանում ձերբակալվել է Նովգորոդի հանցավոր խմբի առաջնորդներից մեկը` Թելման Մխիթարյանը: Մխիթարյանը մեղադրվում է Ռուսաստանում անօրինական գործունեություն ծավալելու մեջ: Այժմ Հայաստանի ոստիկանությունը քննարկում է նրան Նովգորոդի իրավապահ մարմիններին հանձնելու հարցը, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Նովգորոդի շրջանի իրավապահ մարմինների աղբյուրին:
Մխիթարյանը Նովգորոդի պատվավոր քաղաքացի է, ով մի շարք միությունների և կազմակերպությունների բաժնետեր է: Նախկին մարզպետի օրոք Մխիթարյանը նաև քաղաքական հարցերով խորհրդական է եղել: 2005 թվականին Նովգորոդի ռեստորաններից մեկում Մխիթարյանին փորձել են սպանել հեռահար պայթուցիկ համակարգի միջոցով: Նա հրաշքով ողջ է մնացել:
2007 թվականի նոյեմբերին ոստիկանությունը Մխիթարյանին անօրինական գործունեություն ծավալելու մեղադրանք է ներկայացրել, ինչից հետո նա փախուստի է դիմել: Մինչ ձերբակալումը Մխիթարյանը դաշնային և միջազգային հետախուզման մեջ էր: