Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն Նախիջևանում Թուրքիայի ռազմակայանի տեղակայման մասին լուրերը զառանցանք է անվանել:
«Սահմանադրության համաձայն` Ադրբեջանում ոչ մի օտարերկյա ռազմակայան չկա և չի կարող լինել: Հիշեցնեմ, որ Ռուսաստանի կողմից վարձակալվող Գաբալայի կայանը թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի շահերին է ծառայում և, կոպիտ ասած, ռազմակայան չէ: Կարելի է նույնիսկ անտեսել այն փաստը, որ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, առանց դաշինքի համաձայնության չի կարող ռազմակայաններ տեղակայել իր սահմաններից դուրս: Այս լուրերը Հուսեյնլի (ադրբեջանցի քաղաքագետ – Epress.am) երևակայության արդյունք են, իսկ նա շատ վառ երևակայություն ունի»,- Ալիզադեի խոսքերն է մեջբերում Regnum գործակալությունը: