Երիտասարդ տնտեսագետների և գործարարների ասոցիացիան (AFBA) ողջունում է Կովկասյան համադաշնություն ստեղծելու գաղափարը, հաղորդում է Кавказ Онлайн-ը: Ինչպես հայտարարել է կազմակերպության նախագահ Մերաբ Ջանիաշվիլին, Միխայիլ Սահակաշվիլիի առաջարկը պիտի ընդգրկի նաև Հայաստանը, ինչը, նրա խոսքերով, այնքան էլ անհավանական չէ:
«Հարավային Կովկասի պետությունների միավորումը մեկ համադաշնության մեջ անխուսափելի է, ինչպես և ընդհանուր տնտեսական միավորման ստեղծումը: Տարածաշրջանի հիմնական խնդիրը էթնիկական հակամարտություններն ու անջատողականությունը չէ, այլ տնտեսական ճգնաժամը: Հայաստանը գոյատևում է Ռուսաստանի հաշվին, Վրաստանը` Միացյալ Նահանգների, իսկ Ադրբեջանը վառելիքների արտահանման շնորհիվ, սակայն այս ռեսուրսները սպառվում են ռազմական մեծ ծախսերի պատճառով: Մեկ միացյալ տնտեսական միավորման ստեղծումը էթնիկական խնդիրների լուծմանն ուղղված քայլ կլինի»,- նշել է Ջանիաշվիլին:
Նրա խոսքերով` համադաշնության ստեղծման առաջին քայլը Կովկասի պետությունների տնտեսական համագործակցության փաստաթղթի ստորագրումը կլինի. «Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին նախաձեռնող խմբի անդամները կառաջարկեն ստորագրել այս փաստաթուղթը: Երեք կողմերի համաձայնության դեպքում հնարավոր է նաև Թուրքիայի, Իրանի և այլ պետությունների ընդգրկումը նախագծին»:
Կազմակերպությունը նաև առաջ է քաշում այն հանգամանքները, որոնք կարող են խոչընդոտել համադաշնության ձևավորմանը: «Միավորումը հնարավոր կլինի այն դեպքում, երբ համադաշնության անդամների մոտ ժողովրդավարության բարձրագույն մակարդակ լինի: Իսկ ինչ վերաբերում է ինքնավար տարածքներին, ապա նրանք համադաշնության մեջ կմտնեն որպես հիմնական պետությունների մի մաս»,- հայտարարել են կազմակերպությունում ու հավելել, որ Համադաշնությունը պետք է ձևավորվի Եվրախորհրդի հիմունքների համաձայն: