Home / Армения / Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը. ՊՆ

Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը. ՊՆ

Այսօր ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով օգոստոսի 31-ին գրանցված հայկական դիրքերի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակմանը:

«Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին և կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է սադրիչ դիվերսիոն գործողության: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` օգոստոսի 31-ին, առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ և ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, և թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները, կրելով կորուստներ` զոհեր և վիրավորներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր իսկ նախաձեռնած սադրանքը վերագրել է ղարաբաղյան ուժերին և տեղեկություններ տարածել, թե, իբր, զինված առճակատման արդյունքում հայկական կողմը տվել է զոհեր: Այդ հայտարարությունները բացարձակ ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը: Այս ամենը հերթական անգամ փաստում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով կարգավորման բանակցային գործընթացը:

Ադրբեջանական զինված ուժերի նման գործելաոճը, սադրիչ գործողությունները ոչ միայն հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության սրման պատճառ են դառնում, այլև չեն համապատասխանում ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին հարևան երկրի ղեկավարության հայտարարություններին»: