Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը շատ բան կփոխի ՀՀ-ի ներքին կյանքում, և գրեթե ոչինչ չի փոխի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցի կարգավորման խնդրում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ի՞նչ կփոխվի, եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը. Ադրբեջա՞նը, թե՞ Ամերիկան կփոխեն իրենց քաղաքականությունը»,- հարց է բարձրացրել փորձագետը և պատասխանել, որ ոչ մի էական փոփոխություն չի լինի: Նա նաև նշել է, որ միջազգային ասպարեզում այդ քայլի արդյունքում Հայաստանի դիրքերը չեն ուժեղանա:
Ըստ Իսկանդարյանի` Ղարաբաղի անկախության ճանաչումը կազդի և Հայաստանի, և Ղարաբաղի ներքին կյանքի վրա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն էլ պետք է նմանատիպ բանաձևեր ներկայացնի ՄԱԿ-ում, ինչպես Ադրբեջանը, փորձագետը պատասխանել է, որ միջազգային ոլորտներում անհրաժեշտ է աշխատել: Սակայն այնպիսի քայլեր ձեռնարկել, ինչպիսիք Ադրբեջանն է ձեռնարկում, փորձագետի կարծիքով, հարկավոր չէ: