Սեպտեմբերի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց հուլիսի 27-ին զոհված պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մոր բաց նամակին:
Նամակում ասված է.
«Հարգելի տիկին Հովհաննիսյան,
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հղած բաց նամակում Դուք կասկածի տակ եք առել Ձեր որդու` թիվ 21127 զորամասում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը` մատնանշելով նրան ինքնասպանության հասցնելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննության` թերություններով ընթացքը:
Խորապես կիսելով Ձեր որդու կորստյան վիշտը` հայտնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին և Հարութիկ Կիրակոսյանին և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Տիկին Հովհաննիսյան, քրեական գործի նախաքննության կատարումը 04.09.2010թ. հանձնարարվել է ՀՀ Պն քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննչական բաժին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և վստահեցնում եմ, որ այն ի սկզբանե գտնվել է իմ անմիջական հսկողության ներքո: Հրահանգված է ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը` մեղավորներին արժանի պատժի ենթարկելու և նման երևույթները բացառելու համար:
Ձեզ մտահոգող բոլոր հարցերի շուրջ պատրաստ եմ հանդիպել և առանձնազրույց ունենալ Ձեզ հետ: Նախաքննությանն առնչվող հարցերին իմ ներկայությամբ Ձեզ կպատասխանի ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը:
ՀՀ պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան»:
Նամակը հրապարակվել է Lragir.am կայքում