«Օրինաց երկիր» կուսակցությունն արագ արձագանքել է Հմայակ Հովհաննիսյանի այսօրվա ասուլիսի ընթացքում արված հայտարարությանը: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն ասել էր, որ «Արթուր Բաղդասարյանը գնացել է կզարան»:
Դրան ի պատասխան` ՕԵԿ ԱԺ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ «բոլորիս է հայտնի կզելու ֆանտաստիկ կարողություններով օժտված և ժամանակին ազգային տականքի անփառունակ համբավ ձեռք բերած, քաղաքական դաշտում արդեն իսկ ժանգոտված գործիք դարձած Հմայակ Հովհաննիսյանը, որը տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներից սնված փչած ու տրաքած, իր նախադեպը չունեցած էքսկլյուզիվ բացիլ է, որը իր անցած ճանապարհով բոլորիս ապացուցել է, թե քանի անգամ է կզարաններում հայտնվել` սրա նրա դեմ պատվեր կատարելիս, արդյունքում ձեռք բերելով տարբեր պարգևներ (դրանցից էր Երևանի կենտրոնում գտնվող ԿԸՀ-ի նախկին երկհարկանի շենքը և այլն)։ Փաստորեն, այս անգամ էլ պատահական չի բացել իր աղբանոցը, մեկ անգամ ևս ապացուցելով, որ կզել է համապատասխան կզարանում հագուրդ տալով ագահ երախին»։
Հեղինե Բիշարյանը «որպես քրիստոնյա մարդ» խորհուրդ է տվել «կզարաններ գնալիս մեկ-մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով իր կզող տեսակի ու էության համար»։
ՕԵԿ անդամն անդրադարձ է կատարել նաև Արթուր Բաղդասարյանի կերպարին և հպարտորեն նշել է, որ «քաղաքական դաշտում առաջին անգամ Արթուր Բաղդասարյանն ապացուցեց, թե ինչպիսին պետք է լինի արժանապատվություն, սկզբունքայնություն և որոշումներ կայացնող քաղաքական գործիչը և արժանապատվորեն հրաժարական տվեց, և արժանապատվորեն էլ դիմակայեց բոլոր այն դժվարություններին, որոնք ծառացան իր առջև։ Այդ ժամանակահատվածում շատ փուչիկներ պայթեցին ու էլի կպայթեն, բայց ՕԵԿ-ը և նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը, մշտապես լինելով հաստատակամ ու սկզբունքային, իրենց ձեռագիրն ունեն քաղաքական դաշտում»: