«Այն անհատը, որը իշխանության է եկել մարտիմեկյան արյունալի իրադարձությունների շնորհիվ, իրավունք չունի երկարաժամկետ պայմանագրեր կնքել, – այսօրվա հանրահավաքին հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի` Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու մասին պայմանագրի ստորագրումը:
«Դա խոսում է այդ անհատի վախի և անվստահության մասին: Ես դեմ չեմ, որ Հայաստանը, որպես հավասարը հավասարի, գործընկերային հարաբերություններ հաստատի աշխարհի բոլոր պետությունների, նաև Ռուսաստանի հետ, – ասել է քաղաքական գործիչը:
Դրան հասնելու համար, ըստ Սարգսյանի, անհրաժեշտ է ժողովրդավարություն հաստատել Հայաստանի ներսում` տեղ զբաղեցնելով միջազգային ասպարեզում: Սարգսյանի խոսքով` «դրանից հետո կարելի կլինի լուծել բոլոր բարդ խնդիրները, ինչպես նաև Ղարաբաղի հարցը»:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հասցեին հնչող քննադատությանը` Արամ Սարգսյանն ասել է, որ ընդունում է, որ ընդդիմությունը և իր գլխավորած «Հանրապետությունը» չեն կարող սխալներ չգործել: Սակայն, միևնույն ժամանակ, ՀԱԿ-ը, նրա խոսքերով, այսօր միակ ուժն է, որը միավորում է տարբեր հայացքներով մարդկանց և կուսակցություններ:
«Դա միակ ուժն է, որը կարող է այս երկրում ինչ-որ բան փոխել», – եզրափակել է Արամ Սարգսյանը: