Մոսկվայի կենտրոնում հինգշաբթի օրենքով գող 73-ամյա Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) դեմ իրագործված մահափորձը անխուսափելիորեն կհրահրի գողական կլանների պատերազմների նոր ժայթքում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց Ուսոյանն էր կանգնած այդ հակամարտության հետևում, որքան էր որ նա փորձում էր ղեկավար դերը բարդել իր` ավելի երիտասարդ գործընկերների վրա, գրում է Primecrime-ը:
Չնայած Դեդ Հասանի անմիջական մասնակցությանը գրեթե բոլոր խոշոր հակամարտություններին, որոնք վերջին երկու տասնամյակների ընթացքում ցնցել են գողական աշխարհը, նույնիսկ օպերատիվ մարմինները չեն կարողանում հիշել նրա դեմ մահափորձի դեպքեր: Ավելին` Դեդ Հասանը ցուցադրաբար խուսափում էր անվտանգության նկատառումներից, կարծես, մարտահրավեր նետելով իր հակառակորդներին և ցույց տալով` վախենալու ոչինչ չունի: Որքան էլ օրինաչափ և սպասելի լիներ մահափորձը Դեդ Հասանի դեմ, քրեական աշխարհում այն ունեցել է պայթող ռումբի ազդեցություն:
Սխալ կլինի դասել Դեդ Հասանի կերպարը միայն քրեական աշխարհին: Իրականում նրա ազդեցությունը չի սահմանափակվում միայն քրեական աշխարհով: Հաշվի առնելով, որ այսօրվա ռուսաստանյան քաղաքական և գործնական վերնախավն ունի քրեական անցյալ, պարզ է դառնում անձամբ Ուսոյանի ազդեցության ծավալները Ռուսաստանում կատարվող գործընթացների վրա: Բավական է հիշել միայն այն փաստը, որ երբ այսօրվա մոսկվացի «պիտերցիները» քաղաքական կարիերայի միայն առաջին քայլերն էին անում իրենց պատմական հայրենիքում, Ասլան Ուսոյանի ազդեցության տակ էր գտնվում արդեն ողջ Հյուսիս-Արևմուտքը:
Ի դեպ, գողական աշխարհի պարագլուխը դեռևս ունի մշտական գրանցում Սանկտ Պետերբուրգում: Բացի այդ, սխալ չի լինի նշել, որ ծագումով թբիլիսցի Ասլան Ուսոյանը ռուսական դիվանագիտության հաղթաթուղթն է Հարավային Կովկասում: Կարելի է համոզվել, թե որքան կարևոր անձ է Դեդ Հասանը` հիշելով նրա ձերբակալության դեպքը Կիևի օդանավակայանում ընթացիկ տարվա ապրիլ ամսին: Ասում են, որ վերնախավից երևի միայն Ռուսաստանի նախագահը չզանգահարեց ոստիկանություն` տեղեկանալու ձերբակալված մաֆիոզիի մասին:
Այնուամենայնիվ, շատերը, համենայն դեպս, հակված են փոխկապակցել Տվերսկայա փողոցի վրա կատարված կրակոցները 2008թ. սկիզբ առած Թբիլիսիի և Սուխումիի օրենքով գողերի պատերազմի հետ: Հիշեցնենք, որ հակամարտության իրական դրդապատճառը Իսպանիայում ձերբակալված օրենքով գող Զախար Կալաշովի (Ջահել Շակրո) բիզնեսների բաշխման հարցն էր: Նշենք, որ վերջինիս համարում են Ուսոյանի մերձավոր թիմակիցը: Շակրոյի բիզնեսի համար պատասխանատու Դեդ Հասանը նշանակել էր Լաշա Շուշանաշվիիլին (Լաշա Ռուստավսկի), ինչը մեկ այլ ազդեցիկ օրենքով գող Տարիել Օնիանիի սրտով չէր, ով հավակնում էր Կալաշովի ժառանգության իր մասնաբաժնին: Աստիճանաբար Օնիանիի շուրջը սկսեցին հավաքվել Ուսոյանի հակառակորդները, որոնցից յուրաքանչյուրը դժգոհության իր պատճառն ուներ: Օնիանիի ամենամերձավոր թիմակիցը դարձավ Սուխումիի գողական կլանի առաջնորդներից մեկը` Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի):
Հենց Ջանգվելաձեն Օնիանիի ձերբակալությունից հետո, ով բազմիցս հայտարարել է, թե իր դեմ գործը հարուցվել է Ուսոյանի պատվերով, ստանձնեց թբիլիսյան կլանի դեմ պայքարելու դրոշակը: Լուրեր էին պտտվում, թե նույնիսկ մահափորձը հայտնի Յապոնչիկի` Վյաչեսլավ Իվանկովի դեմ մտածված էր Հասանի կողմից, որպեսզի վարկաբեկվի Ջանգվելաձեն` բարձելով վերջինիս վրա սպանության ողջ մեղքը:
Եթե դա այդպես է, ապա սադրանքը հաջողվել է. Ջանգվելաձեի հետևից իսկական որս էր սկսվել: Անձամբ նա հրաշքով փրկվեց գնդակից, սակայն իր կլանի երկու գողերին չհաջողվեց փրկվել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ իսպանական ոստիկանությունը ձեռք է բերել ապացույցներ, որ Լաշա Ռուստավսկիի կտրսեր եղբայր Կախա Շուշանաշվիլին մասնակից է Ջանգվելաձեի դեմ մահափորձի կազմակերպմանը և Լադո մականունով օրենքով գող Վլադիմիր Ջանաշիայի սպանությանը: Չնայած այդ ամենի` Մերաբ Սուխումսկին մինչ օրս օտար արյան կաթիլ չի թափել և պնդում է հակամարտությունների կարգավորմանը` հիմնվելով գողական օրենքների վրա, ինչպես հարիր է ճիշտ օրենքով գողին:
Թբիլիսցիները դեռ չէին հասցրել տոնել հաղթանակը հակառակորդի դեմ, երբ բռնկվեցին նոր հակասություններ այս անգամ, սակայն, սեփական կլանի ներսում: Անդորրը խախտեց կլանի ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկը` Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Թբիլիսցի), ով հակամարտության ընթացքում չեզոք դերում էր, քանի որ գտնվում էր բանտում:
Հայտնվելով ազատության մեջ` Էդիկ Թբիլիսցին խստորեն խնդրեց Դեդ Հասանին բացատրել, թե որն է Ջանգվելաձեի մեղքը, որը անբիծ վարկանիշ ունի գողական աշխարհում: Ասում են` Ուսոյանը պատասխան չգտավ և բարձեց ողջ պատասխանատվությունը հանգուցյալ Իվանկովի վրա:
Հենց այդ պատճառով էլ դիպուկահարի ձեռագիրը, ով կրակել է Դեդ Հասանի վրա, ստանում է խորհրդանշական իմաստ: Ինչպես Յապոնչիկի դեպքում, դիպուկահարը նշանը վերցրել է Ուսոյանի որովայնի վրա: Եթե դա պատահական համընկնում չէ, ապա հնարավոր է, որ ինչ-որ մեկը համարում է Դեդ Հասանին Յապոնչիկի մահվան իրական մեղավորը և փորձում է նույն ճակատագիրը ապահովել նրա համար: