Հայաստանը սեփական պատմության պատանդն է: Նման իրավիճակներում, ինչպես ղարաբաղյան խնդրի դեպքում, ամենավատն ազգի զգացմունքները շահարկելու և քաղաքական կարիերա ձևավորելու փաստն է` այդ հարցերը լուծելու փոխարեն:
Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Համաշխարհային անվտանգության ինստիտուտի ռուսական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը:
Քաղաքագետը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Անկարայի հետ հարաբերություններում Երևանի անգործությունը Հայաստանի համար հավասար է ինքնասպանության»,- ասել է Զլոբինը:
Նրա խոսքով` քաղաքականությունը չի կարող կառուցվել պատմության վրա, քանի որ այն սուբյեկտիվ է, և ամեն մի ազգ պատմական իրադարձությունների իր տարբերակն ունի: «Հայերը հաճախ են բողոքում, որ իրենց նեղացրել են: Բոլորին էլ նեղացրել են, անգամ պետություններ կան, որ անհետացել են աշխարհի երեսից»,-փորձագետի խոսքերն է մեջբերում Trend գործակալությունը:
«Պետք չէ ամբողջ կյանքն անցկացնել` փորձելով ինչ-որ բան ապացուցել: Ամենալավ փաստն ու ապացույցը` հակառակորդից լավ ապրելն է: Իսկ քաղաքագետները, ովքեր անընդհատ խոսում են պատմության մասին, պետք է լքեն քաղաքականությունն ու փոխարենը պատմություն դասավանդեն»,-ասել է Զլոբինը: