Home / Հայաստան / Հայաստանի հետ խաղից առաջ վրացիները երկու մղձավանջային գիշեր անցկացրեցին. կարծիք

Հայաստանի հետ խաղից առաջ վրացիները երկու մղձավանջային գիշեր անցկացրեցին. կարծիք

Համաշխարհային շախմատային օլիմպիադայում հանգստյան օրը ճիշտ ժամանակին էր Հայաստանի շախմատի հավաքականի համար երկու դժվարին հանդիպումներից հետո: Վերլուծելով մեր թիմի խաղը Շախմատային օլիմպիադայի առաջին հատվածում՝ Epress.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել շախմատային վերլուծաբան Խաչիկ Արծրունին:
«Ռուսաստանի երկրորդ և երրորդ հավաքականների հետ հանդիպումը բարդ ստացվեց: Հարկ է նշել, որ Ռուսաստանի երկրորդ թիմը միջին վարկանիշով բարձր է մեր հավաքականից և համերաշխ ու լավ կազմակերպված ընտրանի է: Հետաքրքիր է նաև, որ այս երկու թիմերն էլ պարտվել են միմիայն Հայաստանի հավաքականին` մյուս բոլոր խաղերում հաղթանակներ տանելով», – ասել է Խաչիկ Արծրունին:

Նա կարևորել է այն փաստը, որ Հայաստանի հավաքականը միակն է 148 թիմերի շարքում, որի ոչ մի շախմատիստ անհատական պայքարում պարտություն չի կրել: Յուրաքանչյոր թիմում, անգամ առաջատարների կազմում գոնե մեկ գրոսմայստեր պարտություն կրել է:
Խոսելով խնդիրների մասին՝ վերլուծաբանն ասել է, որ Հայաստանի հավաքականի վիճակը բարդանում է նրանով, որ թիմում չկա համարժեք փոխարինում: Մեր պահեստայինը՝ Ավետիք Գրիգորյանը, միայն առաջին տուրում է հանդես եկել և, հնարավոր է, այլևս չխաղա, քանի որ նման մրցաշարերի փորձ դեռևս չունի:

«Դա նշանակում է, որ բավական ծանր կլինի մեր թիմի վետերան Վլադիմիր Հակոբյանի համար, ով պետք է փաստորեն առանց փոխարինման խաղա 11 տուրի ընթացքում», – նշել է վերլուծաբանը:

Որպես դրական կողմ Խաչիկ Արծրունին նշել է Արման Փաշիկյանի ներկայությունը թիմում, ով հուսալի խաղ է ցույց տալիս: Ռուսաստանի  երկրորդ հավաքականի դեմ խաղում հենց Փաշիկյանը բերեց հաղթական միավորը մեր թիմին:

«Կրիտիկական պահին մեր թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը կարող է հույսը դնել առաջին քառյակից յուրաքանչյուրի վրա», – ասել է Արծրունին՝ հավելելով, որ շատ բան է կախված Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի խաղից, ով վերջին երկու Օլիմպիադաների ընթացքում եղել է մեր հավաքականի գլխավոր ռմբարկուն:

Ինչ վերաբերում է Վրաստանի հավաքականի հետ այսօրվա մրցավեճին, ապա այստեղ Արծրունին մեր թիմի հնարավորությունները ավելի բարձր է գնահատել: Նա նշել է, որ, ի տարբերություն մեր թիմի, հանգստի օրը մրցակցի համար բավական վատ էր, որովհետև, փորձագետի խոսքով, մրցակիցը մեկ գիշեր սարսափով սպասելու փոխարեն երկու մղձավանջային գիշեր ստիպված եղավ անցկացնել՝ հանդիպմանը սպասելով:

«Վրաստանն ավանդաբար վատ է խաղում Հայաստանի հավաքականի դեմ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վրաստանի հավաքականը մշտապես պարտվել է մեր թիմին, բացառությամբ մեկ հանդիպման, երբ գրանցվել է 2:2 հաշիվը», – նշել է Խաչիկ Արծրունին: