Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուկչուի որոշման համաձայն` Ստամբուլի հայկական դպրոցները նոր դասագրքեր են ստանալու: 1930 թվականից ի վեր Թուրքիայում նման բան չէր եղել, հաղորդում է Hurriyet-ը:
Հայկական դպրոցներն ավելի քան 24 հազար գիրք են ստանալու: Նշենք, որ Թուրքիայում հատուկ թույլտվություն է անհրաժեշտ Հայոց լեզվի և գրականության դասագրքերի բովանդակությունը վերանայելու համար, որը 1934 թվականից չի փոխվել:
Նոր դասագրքերի հետ նաև թուրքերեն և անգլերեն CD-եր են լինելու, որոնք անվճար են թողարկվել: Նոր դասագրքերի պատրաստման գործընթացում ամենադժվարը գրքերը թուրքերենից հայերեն թարգմանելն էր, քանի որ դժվար է հմուտ թարգմանիչ գտնել:
Թուրքիյաում հայկական փոքրամասնության դպրոցական ուսուցիչների հիմնադրամը փորձել է հաղթահարել այս դժվարությունը 80-ամյա, թոշակի անցած հայ ուսուցչի օգնությամբ: Ուսուցիչը Ստամբուլի հայկական համայնքի անդամ Վարուժան Թուրաչն է, ով ինքը բազմիցս նամակներ է հղել նախարարությանը գրքերը նորացնելու խնդրանքով:
Հիմնադրամի քարտուղար Արամ Քամբուրյանը հայտարարել է, որ իրենք նույն խնդիրը Կրթության նախարարության առջև բարձրացրել են 1998 թվականին:
«Մենք ցանկանում էինք թարմացնել մաթեմատիկայի և գիտության վերաբերյալ դասագրքերը: Խնդրել էինք թարգմանել գրքերը, որոնք կիրառվում էին թուրքական դպրոցներում: Բայց գրքերի հրատարակչության գործընթացը կանգնեց` թարգմանության մեջ վրիպակների պատճառով»,-ասել է Քամբուրյանը: