Ֆրանսիական համալսարանից ազատված դասախոսները շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար:
Օգոստոսին ֆրանսիական համալսարանից ազատված դասախոսներն այսօր հանդես եկան հերթական մամուլի ասուլիսով և ներկայացրեցին պետական մարմիններից ստացած իրենց դիմումների պատասխանները:
Դասախոսներին պատասխանել են ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից և Աշխատաքնի պետական տեսչությունից: Դասախոսները տեղեկացրեցին, որ նախագահի աշխատակազմից և Աշխատանքի պետական տեսչությունից ոչ միայն արձագանքել են իրենց դիմումին, այլև օպերատիվ ստուգումներ են իրականացրել այս խնդրի առնչությամբ և տվել են պատասխաններ, որոնք, դասախոսների հավաստմամբ, պաշտպանում են աշխատողների, այն է` իրենց շահերը:
Դասախոսները տեղեկացրել են, որ իրենց դիմումներին չեն արձագանքել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատունը:
Նրանք նշեցին, որ այս պարագայում, երբ ավելի բարձր ատյաններ են զբաղվում այդ հարցով, իրենք այլևս չեն էլ ակնկալում նրանցից պատասխան և այսուհետ այդ հարցով տվյալ կառույցներին չեն դիմի: Տեղեկացնենք նաև, որ աշխատանքից ազատված աշխատողները դիմել էին դատարան, և այս գործով դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 11-ին, ժամը 15.00` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում:
Լրագրողների հետ հանդիպման ավարտին դասախոսները միանշանակ հավաստիացրեցին, որ շարունակելու են պայքարել իրենց խախտված իրավունքների համար և վերականգնելու են դրանք:
Դասախոսներից Լիլյա Դիլանյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանն իրեն ասել է հետևյալը. «Թողեք ձեր հիմար պայքարը, թե չէ ձեզ որակներից կզրկենք»:
Հանդիպման ընթացքում դասախոսները նաև տեղեկացրեցին բազմաթիվ խախտումների մասին, որ այս տարիներին եղել են համալսարանում:
Epress.am-ի այն հարցին, թե ինչու նրանք ժամանակին չէին բարձրաձայնում խախտումների մասին, համալսարանի նախկին դասախոս Նարինե Կոխտիևան պատասխանեց, որ համաձայն է հարցադրման հետ:
Վերջինս նաև նշեց, որ հայ ազգին բնորոշ է հարմարվողականությունը, և իրենք, համալսարանի շահերից ելնելով, չեն խոսել խախտումների մասին և դրա համար հիմա կանգնել են փաստի առաջ: