Հոկտեմբերի 7-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի շտաբ-բնակարանում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ: Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, նպատակը մրցավարության ոլորտում առկա խնդիրների քննարկումն էր: Հանդիպման ժամանակ բացառիկ որոշում է կայացվել:
Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ դժգոհ է Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների աշխատանքից: Նա ակումբների ղեկավարներին տեղեկացրել է, որ նկատի ունենալով առաջացած բարդ իրավիճակը` որոշում է կայացվել հրաժարվել Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարներից և այսուհետ նրանց չվստահել` վարելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղերը:
Որպեսզի մրցաշարը վտանգի տակ չհայտնվի, նա առաջարկել է հանդիպումների սպասարկման գործը վստահել մանկապատանեկան առաջնություններում գործող մրցավարներին` հույս հայտնելով, որ վերջիններս, բնականաբար, կձգտեն առավելագույնս անաչառ վարել խաղերը` մրցավարական կարիերայում առաջընթացի բացառիկ հնարավորությունը լավագույնս օգտագործելու համար և խնդրեց ակումբի ղեկավարներին աջակցել երիտասարդ մրցավարներին:
Քանի որ Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական առաջնությունը մոտենում է եզրագծին, և որոշ հանդիպումների նշանակությունը մրցաշարային առումով շատ բարձր է, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց անհրաժեշտության դեպքում և ակումբների ցանկությամբ դրանք վստահել արտասահմանցի մրցավարներին:
Նշենք, որ ՀՖՖ Գործկոմի առաջիկա նիստի ընթացքում կքննարկվի մրցավարության մակարդակի բարձրացման հարցը, կնախանշվեն այն ուղղությունները, որոնց իրականացումը թույլ կտա կատարելագործել մրցավարների մասնագիտական որակները:
Բոլոր ակումբների ղեկավարները հավանություն են տվել ներկայացված առաջարկներին:
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանի առաջնության մի քանի հանդիպումներում մրցավարները վիճահարույց որոշումներ էին կայացրել: Վերջին նման դեպքը տեղի էր ունեցել «Բանանց»-«Միկա» խաղում, երբ մրցավարը «Միկայի» երկու գնդակ չէր հաշվել և նշանակել էր երկու 11-մետրանոց հոգուտ «Բանանցի»: «Լրացուցիչ ժամանակ» հեռուստահաղորդման ժամանակ ՀՖՖ Մրցավարական բաժնի ղեկավար Արարատ Ճաղարյանն ընդունել էր, որ առնվազն մեկ դեպքում մրցավարը սխալվել է՝ չհաշվելով «Միկայի» խփած գնդակը: