«Համանախագահները շատ լավ գիտակցում են այն, թե ինչ կլինի այն իշխանության հետ, որոնք ազատագրված տարածքները կհանձնեն թուրքին», – այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պատմաբան, քաղաքագետ, ներկայումս Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը, ով պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների մասին: Նշենք,որ այդ հանդիպումները տեղի են ունեցել ԵԱՀԿ օրեր առաջ անցկացված առաքելության ժամանակ, որի ընթացքում համանախագահներն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Քանանյանն իր դժգոհությունն է հայտնել համանախագահների վերաբերմունքից, որոնց հետ առանձնազրույցներ է ունեցել: Քանանյանին դուր չի եկել այն փաստը, որ համանախագահները «իրենց իրավունք են վերապահում լիազորված գալ այդ տարածքներ»:
Համանախագահների հետ զրույցում Քանանյանն ասել է, որ իրենց իրավուքնները բնակեցված տարածքների նկատմամբ անվիճարկելի են, անկախ նրանից` համանախագահներին ինչ խոստումներ կտան Երևանից:
«Այդ տարածքը լքելու որևէ ցանկություն չունենք, այդ տարածքը մենք պահելու ենք մինչև վերջ և մեզ կաջակցի Արցախի հայությունը, որպեսզի ձախողենք տարածքները հանձնելու հանցավոր փորձերը»,- նշել է Ալեքսանդր Քանանյանը:
Նա նաև ասել է, որ ԼՂ հարցի անորոշության մեջ պետք է առաջին հերթին մեղադրել մեր իշխանություններին և ոչ` օտարներին: Պատմաբանը կարծում է, որ համանախագահները ժամանակ են սպանում և ձգձգում գործընթացը, որը կարող է տևել տարիները:
Ըստ Քանանյանի` ԼՂ հացը կկարգավորվի միայն նորմալ իշխանություն ունենալու պարագայում: