Home / Армения / ՀՀ ՊՆ-ն խոստանում է չեզոքացնել Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը

ՀՀ ՊՆ-ն խոստանում է չեզոքացնել Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հարավ-արևելյան հատվածում խախտել էին հրադադարի ռեժիմը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը:

«Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետևում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հորդորներին, այլև անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները` փորձելով ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ձեռնարկվելու են ռազմադիվանագիտական և ռազմական համապատասխան միջոցառումներ` հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար: