Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում ՀԱԿ համաքկարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ, իրենց տեղեկություններով, երկու օր առաջ ԱՄՆ-ում ձերբակալված հանցագործ կառույցի ղեկավարը (Արմեն Ղազարյան – Epress.am), ով մեղադրվում է բժշկական ապահովագրության ոլորտում իրականացված մեքենայությունների մեջ, սերտ կապերի մեջ է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Այդ մարդը Հայաստանում 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորել է մի շարք քրեական տարրերի գործունեությունը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարում», – հայտարարել է Զուրաբյանը:
Նա նշել է, որ, փաստորեն, այսօր աշխարհին պարզ է դառնում, որ «ՀԱԿ-ը պայքարում է մաֆիոզ իշխանության դեմ, որը, ըստ էության, համագործակցում է միջազգային մաֆիայի հետ»:
Զուրաբյանը նաև խոսել է մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, համաձայն որոնց` մի խումբ հայաստանյան պաշտոնյաներ և գործարարներ կապված են Ռուսաստանում գործող խմբավորումների հետ:
Ընդդիմության տեղեկություններով` իշխանական օղակներին խիստ մտահոգել են այս բացահայտումները:
Լևոն Զուրաբյանի խոսքով` իրենց տեղեկություններով` Սերժ Սարգսյանը երեկ զանգահարել է Պուտինին և զրույցի ընթացքում նշել, որ «այս ցուցակը ծանր հարված է ռեժիմին»:
Սակայն, իրենց տվյալներով, չի կարողացել որևէ արդյուքնի հասնել:
«Նման միջազգային բացահայտումները, վստահեցնում ենք, արագացնում են ռեժիմի վախճանը», – ասել է Զուրաբյանը: