Home / Армения / «Վազգենից դժգոհ էին, բա Դեմիրճյանին ինչի՞». Ընդդիմությունը հարգեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

«Վազգենից դժգոհ էին, բա Դեմիրճյանին ինչի՞». Ընդդիմությունը հարգեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

«Ընդհանուր առմամբ, 27-ը  ոճրագործություն էր համակարգի դեմ: Ես պիտի ասեմ, որ հա, Վազգենը պաշտպանության նախարար էր եղել, մարդկանց բանակ էր տարել, պատերազմ էր, զոհեր էին, և  կլինեին մարդիկ, որոնք Վազգենից դժգոհ էին, բա Դեմիրճյանին ինչի՞»,- այսօր Եռաբլուրում Epress.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Եռաբլուր էին այցելել նաև Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները` ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ: Մինչ Եռաբլուրը Կոնգրեսի ներակայացուցիչները եղել էին նաև Պանթեոնում: Լևոն Տեր-Պետրոսյանը Պանթեոնում ծաղիկներ դրեց Կարեն Դեմիրճյանի շիրիմին, իսկ Եռաբլուրում` Վազգեն Սարգսյանի շիրիմին:   

Արամ Սարգսյանը, համոզված է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անպայման բացահայտվելու է, ավելին` նա չի համարում, որ բացահայտված չէ:

Խոսելով  Դեմիրճյան-Սարգսյան դաշինքի մասին` Արամ Սարգսյանն ասաց. «Կար քաղաքական ուժ, որն այս երկիրը ներկայացնում էր, որով այս երկիրը ապագա ուներ: Դրանից հետո էր, որ մարդիկ միլիարդատերեր դարձան, հագուրդ  տվեցին սեփականության ներքին այդ արյան կանչի զգացողություններին, նյութապաշտությանը, սկսեցին 100 հատ մեքենաներով և չգիտեմ ինչերով քաղաքում ֆռֆռալ: Ո՞ւր  էին այդ մարդիկ մինչև էդ: Մարդկանց մի ահռելի խումբ` ներառյալ մեր ժողովուրդը, ես ու Վազգենի ընկերներն այդ օրվանից կորցրեցինք երկրի ապագան, ապագայի թելն ու առ այսօր ման ենք գալիս այդ թելը գտնել ու առաջ տանել: Իսկ մարդկանց մի խումբ պաշտոններ ձեռք բերեց, հնարավորություններ, փող նյութական միջոցներ, ու կարծում են, թե դա ամեն ինչ է. ես խղճում եմ այդ մարդկանց»: