Home / Армения / Հայաստանը չպետք է անտեսի ռևանշ ցանկացող երիտասարդ ադրբեջանցիներին. փորձագետ

Հայաստանը չպետք է անտեսի ռևանշ ցանկացող երիտասարդ ադրբեջանցիներին. փորձագետ

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոստովանել է, որ հազվադեպ է ասուլիսներին «թղթերով» ներկայանում: Այսօրվա հանդիպումը բացառություն է, քանի որ իր հետ բերել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության տեքստը:

Փորձագետը նշել է, որ նախագահների հայտարարության մեջ ոչինչ գրված չէ:
«Գրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են Կարմիր խաչի անդամներ մնալ, ինչպես է նաև, որ կա Մայնդորֆը, բայց «Մայնդորֆ» բառը չի նշվում»:

Իսկանդարյանը փաստել է, որ այդ բառը նյարդայնացնում է Ադրբեջանին, ինչի պատճառով էլ, հնարավոր է, այն նշված չէ հայտարարության մեջ:

«Մեղմ ասած, շատ քիչ բանի է հաջողվել հասնել, թեև ես ինքս մտածում էի, որ ընդհանրապես որևէ հայտարարություն չի լինի»,- նշել է փորձագետը:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ կոչերին` Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, որ մեծանում է այն երիտասարդ ադրբեջանցիների թիվը, ովքեր ռևանշ են ուզում, և այս փաստը չպետք է անտեսել:

«Եթե դու որևէ տեղ ես գնում և որևէ խաղաղարար խոսք ես ասում, ապա դա պետք է ինչ- որ բանի հետ հավասարկշռության մեջ դիտես: Հավասարակշռության կարելի է հասնել ռազմական բնույթի կոչերով և անդադար հայտարարելով, թե հարստանալու ենք, զենք ենք գնելու, բյուջեն 5 հազար անգամ ավելանալու է, և ամեն ինչ գրավելու ենք» ,- ասել է փորձագետը:

Ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ կոչերն Իսկանդարյանն անվանել է «գործիքային»: