ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստել է` ասելով, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է փոխանցել գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանին դադարեցնել հացադուլը Կոմիտասի այգու հարևանությամբ կառուցվող դելֆինարիումի դեմ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ինքը` Թաթիկյանը:
«37 ժամ հացադուլից հետո ես իմ հացադուլի մասին տեղեկացրի Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանին, և նա խոստացավ, որ այս մասին կտեղեկացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այնուհետև երեկոյան ինձ այցելեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ասաց, որ Սերժ Սարգսյանը փոխանցել է, որ ես դադարեցնեմ հացադուլս,- պատմել է Վահրամ Թաթիկյանը, – Այնուհետև Հասմիկ Պողոսյանը մամուլով հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը նման բան չի խնդրել իրեն, և, իբր, ես ստում եմ»:
Ողջ ասուլիսի ընթացքում Վահրամ Թաթիկյանը մեկ նշում էր, որ իր պահանջները բավարարված են, և այդ իսկ պատճառով ինքը դադարեցրել է հացադուլը, մեկ ասում էր, որ բավարարված չէ, և որ իրեն խաբել են, ուստի` ինքը պատրաստվում է շարունակել իր պայքարը և հասնելու է դելֆինարիումի ապամոնտաժմանը:
«Ես նաև կոմպրոմիսի գնացի, քանի որ երիտասարդները ֆեյսբուքյան ակտիվությունից դուրս չեկան իրական կյանք, ոչ մի բնապահպանական կազմակերպություն ինձ չսատարեց»,- հայտարարել է Վահրամ Թաթիկյանը:
Epress.am-ի այն դիտարկմանը, թե Թեղուտի պաշտպանության կոմիտեն իր աջակցությունն էր հայտնել Թաթիկյանին, իսկ բնապահպան Մարիամ Սուխուդյանն անձամբ է մի քանի անգամ այցելել իրեն, ինչպես նաև Հեծանիվ+ հասարակական կազմակերպությունը հեծանվարշավ էր կազմակերպելու, Վահրամ Թաթիկյանն ասել է.
«Չի կարելի ամբողջ գործը թողնել մի աղջկա վրա, իսկ ինչ հեծանվարշավի մասին է խոսքը, նրանք պիտի գային, իրենց հերթական ակցիան անեին գնային էլի»:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ Կոմիտասի անվան զբոսայգում դելֆինարիումի կառուցումը չի խաթարի զբոսայգու ոչ էկոլոգիական, ոչ բովանդակային նշանակությունը: Թաթիկյանի հացադուլի վերաբերյալ Մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի անդրադարձել: