Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող ձմռանն ընդառաջ ջրազրկված Կարապի լճում այսօր կարելի էր տեսնել բազմաթիվ փոքրիկ նկարիչների: Այդ վայրում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության «Հայորդաց տների» սաների մասնակցությամբ նկարչական մրցույթ էր անցկացվում:
Epress.am-ի հետ զրույցում «Հայորդաց տների» ընդհանուր կառույցի տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասել է, որ իրենք ամեն տարի տարվա այս ժամանակահատվածում կազմակերպում են նման մրցույթներ:
««Հայորդաց տներ» կառույցը հիմնվել է 1993 թվին, նախկին պիոներ պալատի հիմքի վրա: Անշուշտ պիոներ պալատներից շատերն այսօր աղավաղված վիճակում են, միայն ութը ազատվեցին դրանցից և այսօր գտնվում են Էջմիածնի, ինչպես նաև Բարեգործական ընդհանուր միության հսկողության ներքո: Իսկ այս մրցույթներից հետո առաջին մրցանակ ստացած գործերը տրամադրում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- ասել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս մրցույթն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 11-րդ տարեդարձի առթիվ:
Նշենք, որ «Հայորդաց տներ» կազմակերպությունը գործում է Երևանի Նորք, Արաբկիր և Մալաթիա վարչական շրջաններում, իսկ մարզերից` Էջմաիծնում, Վանաձորում և Աշտարակում: